Իլհամ Ալիևը սպորտն օգտագործում է սեփական շահերի համար

Գերմանական ԶԼՄ-ներն Ադրբեջանի և Գերմանիայի ազգային հավաքականների ֆուտբոլի Աշխարհի գավաթի խմբային փուլի մեկնարկից առաջ ուշադրություն են հրավիրել Ադրբեջանում առկա սոցիալ-քաղաքական իրավիճակի վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Գերմանական Süddeutsche Zeitung թերթը գրում է. «Գերմանիայի ազգային հավաքականը պատրաստվում է մարդու իրավունքների ծայրահեղ ծանր իրավիճակ ունեցող Ադրբեջանի հետ ֆուտբոլային խաղին: Ադրբեջանում բանտարկված մարդու իրավունքի պաշտպանների և լրագրողների թիվը հասել է կրիտիկական վիճակի: Ադրբեջանն ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վարկանիշային ցուցակի` լրատվության և մտքի արտահայտման անազատության պատճառով չի համապատասխանում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլին մասնակցելու համար: Այն ցուցակում նույնիսկ հետ է «Եվրոպայի վերջին միապետ» համարվող Լուկաշենկոյի ղեկավարած Բելառուսիայից: Ադրբեջանում անկախ մամուլ չկա, կամ անկախ մամուլի ներկայացուցիչները գործում են Ադրբեջանի սահմաններից դուրս, վերջին տարիներին մամուլի և խոսքի ազատության վիճակն ավելի է վատթարացել»:

Թերթում տեղ գտած հոդվածում ասվում է, որ Իլհամ Ալիևը կառավարման ավտորիտար համակարգում լուրջ դեր է կատարում: Բաքվում վերջին տարիներին անց են կացվում Եվրոպայի խաղերի և Ֆորմուլա 1-ի մրցաշարերը և դեռ տեղի կունենան նաև Եվրոպայի ֆուտբոլային առաջնության 2020-ի 3 խմբային հանդիպումները և քառորդ եզրափակչի հանդիպումները:

Ադրբեջանի վերաբերյալ հոդված է տպագրվել նաև գերմանական Spiegel թերթում, որում ասվում է. «Միջազգային հանրությունը խոսում է Ադրբեջանի հետ կապված երկու հարցերի շուրջ, որոնք են սպորտը և մարդու իրավունքները: Գերմանիայի հավաքականի Ադրբեջան հետ սպասվելիք առաջ այս երկու հարցերն օրակարգային են»:

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) Բունդեսթագի խմբակցության մարդու իրավունքների գծով զեկուցող Ֆրանկ Շվաբը և նրա գործընկեր Միխայելա Էնգելմայերն էլ հանդես գալով համատեղ հայտարարությամբ` ասել են. «Մեր ազգային հավաքականը Բաքվում է, սպորտում ուշադիր եղեք մարդու իրավունքներին»:

Հոդվածում նշվում է նաև, որ Երկար տարիներ Ադրբեջանում իշխող ալիևյան ընտանիքը ցանկանում է այս խաղը օգտագործել իր քաղաքական շահերի համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում