Կարեն Կարապետյանը մեծ վարկանիշ է վայելում ընտրողների շրջանում. ВЦИОМ-ի նոր հարցումը

Ապրիլի 2-ին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններից մեկ շաբաթ առաջ պայքարը առաջատար կուսակցությունների («Ծառուկյան» դաշինք և Հայաստանի Հանրապետական կուսակցություն) միջև ավելի է սրվել: Կուսակցությունների վարկանիշային թեկնածուների աջակցության հիման վրա հաշվարկված վարկանիշը ցույց է տալիս, որ առաջին տեղը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) մարտի 17-24-ը Հայաստանում անցկացրած «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին» սոցիալական հարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 1600 քաղաքացի: Այն անցկացվել է մարտի 17-24-ը Հայաստանի ողջ տարածքում: Հարցումն անցկացվել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով:

Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը:

Նա նշեց, որ ընտրությունների նախաշեմին կարելի է արձանագրել ընդհանուր մթնոլորտի խիստ քաղաքականացում. ազգաբնակչության երեք քառորդը հետևում է քարոզարշավին (75%), հիմնական թեման նախընտրական իրարանցումն է: Միևնույն ժամանակ բարձրացել է անորոշության մակարդակը՝ հարցվողների ավելի քան 40%-ը դեռևս ընտրություն չեն կատարել կամ պատրաստ չեն այդ մասին խոսել:

Գալիք ընտրություններում ընտրողների մեծամասնությունն ուղղորդվելու է թեկնածուի անձով (79%), այլ ոչ թե վերջինիս՝ այս կամ այն կուսակցական կառույցներին հարելու փաստով:

Վալերի Ֆյոդորովի խոսքով, հարցման համաձայն, ընտրությունների նախաշեմին սրվել է պայքարը առաջատար կուսակցությունների ՝ «Ծառուկյան» դաշինքի (22%) և Հայաստանի Հանրապետական կուսակցության (21%) միջև, որոնց վարկանիշները գործնականորեն հավասարվել են՝ տարբերությունը ավելի փոքր է, քան ընտրանքային սխալը, իսկ Հանրապետական կուսակցությունը զգալիորեն ավելացրել է իր մասին տեղեկացվածությունը (44%-ից հասնելով 57%-ի):

ՀՀԿ վարկանիշը բարձրացել է 2%-ային կետով (կազմում է 21%, նախորդ հարցման արդյունքով՝ 19 %) և գրեթե հավասարվել «Ծառուկյան» դաշինքի վարկանիշին (22%, նախորդ հարցմանը՝ 26%), որը կորցրել է 4%-ային կետ։ Սա այն պարագայում, երբ հարցվածների գրեթե 40% չի կողմնորոշվել, կամ հրաժարվում է պատասխանել հարցին։

Եթե արդյունքները դիտարկվում են կողմնորոշվածների/մասնակիցների մեջ, ապա «Ծառուկյան» դաշինքն ունի 41%, ՀՀԿ՝ 39%, ԵԼՔ-ը` 8%, ՀՅԴ-ն՝ 4%, ՕՐՕ, «Հայկական վերածնունդ»՝ 4-ական %, Կոմկուսը, Կոնգրես-ՀԺԿ-ն, «Ազատ դեմոկրատները՝ 1-ական %:

Նման արդյունք է ստացվել հետևյալ հարցի պատասխանից ելնելով՝ «Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, որ կուսակցության օգտին կքվեարկեիք»:

Սակայն գալիք ընտրություններում ընտրողները պետք է քվեարկեն ոչ թե կուսակցությունների, այլ ընտրական տարածքներում առաջադրված թեկնածուների օգտին, այսպես կոչված վարկանիշային ընտրակարգով:

«Եթե հաշվարկենք կուսակցությունների վարկանիշերն ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի թեկնածուների ունեցած աջակցության, ապա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը զբաղեցնում է առաջին տեղը: Կշռված տվյալների հիման վրա, երբ կուսակցությունների և դաշինքների վարկանիշները հաշվարկվում են ընտրություններին մասնակցողների և կողմնորշվածների թվից, հաշվի առնելով առաջադրված թեկնածուներին հայտնած նախապատվությունները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքում է 44 տոկոս, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 36 տոկոս»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ունի առավել արդյունավետ տարածքային ռեսուրս, ինչն օգնում է այդ կուսակցությանը առավել լավ արդյունք գրանցել վարկանիշային թեկնածուների միջոցով։

Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մեծ աջակցություն է բերում կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը: «Կարեն Կարապետյանը մեծ վարկանիշ է վայելում ընտրողների շրջանում: Նրա վարած գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 72 տոկոսը»,-ասաց կենտրոնի տնօրենը:

Հարցման արդյունքների համաձայն՝ առաջին հարցումից հետո (փետրվարի 22-26) մեկ ամսվա ընթացքում փոքր կուսակցությունների Ազգային ժողովում հայտնվելու հնարավորությունները փոխվել են: Համաձայն նոր տվյալների՝ 5%-ով ընտրական անցումային շեմը հաղթահարում է «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» (5%), ընտրական անցումային շեմի հաղթահարման եզրին են գտնվում (դաշինքների համար շեմը կազմում է 7 %) «Ելք» դաշինքը (6%) և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը (4%):

Նշենք, որ ВЦИОМ-ը առայժմ միակ ընկերությունն է, որ չափել է ոչ միայն կուսակցությունների վարկանիշները, այլ առանձին ընտրատարծքներում առաջադրված վարկանիշային թեկնածուների գումարային արդյունքները, այդպիսով հաշվարկելով կուսակցությունների և դաշինքների վարկանիշները, այսպես ասած, իրական ընտրական ընթացակարգով։

Հարցումն անցկացրած կենտրոնի տնօրենն ասաց, որ խիստ քաղաքականացված տրամադրությունների բարձր մակարդակը և դեռևս որոշում չկայացրած մեծ թվով ընտրողների փաստը վկայում են ընթացիկ վարկանիշային դասավորվածության հնարավոր փոփոխականության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում