Արմեն Աշոտյանը հորդորում է դպրոցի տնօրեններին պիտակավորելուց առաջ սպասել իրավական մարմինների գնահատականներին

Դպրոցի տնօրեններին պիտակավորելուց առաջ անհրաժեշտ է սպասել իրավական մարմինների գնահատականներին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված այն տվյալներին, ըստ որոնց, դպրոցների, մանկապարտեզների տնօրենները զբաղվում էին ՀՀԿ-ի օգտին ցուցակների հավաքագրմամբ: Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ հրապարակված ձայնագրությունների ուսումնասիրմամբ զբաղվում են տաբեր պետական կառույցներ` Կրթության և գիտության նախարարությունը, իրավապահները:

«Կհորդորեի, այդ մարդկանց պիտակ կպցնելուց առաջ սպասել իրավական ատյանների գնահատականներին: Այս հարցի հետ կապված մենք ունենք մեր հակափաստարկները: Այդ հասարակական կառույցը, որը գրանցված է որպես անկախ դիտորդական կազմակերպություն, հետազոտության համար թիրախավորել է ՀՀԿ-ին: Այն դեպքում, երբ այլ կուսակցություններից ևս կան մարդիկ, ովքեր տնօրեններ են աշխատում: Ինչո՞ւ իրենց նույնպես չեն ձայնագրել: Այստեղ օբյեկտիվության մասին խոսք լինել չի կարող, սա հակաքարոզչություն է»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյանի խոսքով, «մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, ՀՀ քաղաքացիներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք», եթե դա արվում է ոչ աշխատանքային ժամերին և աշխատանքային լիազորություններից դուրս: Եթե այդպես է, ապա այստեղ խախտման մասին խոսք լինել չի կարող: Եվ ցուցակ հավաքագրելը նորմալ է, բոլոր կուսակցություններն էլ ցուցակ հավաքագրում են: Ըստ նրա` չկա օրենք, որը կարող է արգելել քաղաքացիներին զբաղվել քաղաքական գործունեությամբ որոշակի շրջանակում:

«Անձամբ լսել եմ տասնյակ ձայնագրություններ, կարող եմ փաստել, որ իմ լսածների մեջ օրենքի խախտման գնահատական չկա: Ամեն դեպքում իրավական մարմինների կողմից գնահատականներ կտրվեն: Որտեղ կա խախտում, տնօրենները պետք է կրեն պատասխանատվություն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին քարոզարշավից զրկելու խոսակցություններին, ապա ես կարող եմ ասել, որ շատ ավելի լուրջ հիմքեր կան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դիտորդականից զրկելու, քան ՀՀԿ-ին` քարոզարշավից»,-ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը հորդորեց ամեն դեպքում զերծ մնալ դպրոցների տնօրեններին պիտակավորելուց:

«Եթե պարզվի, որ այդ մարդիկ մեղավոր չեն, ով է վերականգնելու նրանց բարի համբավը: Տասնյակ դեպքեր կան, որտեղ օրենքի խախտում չկա, բայց նրանց զրպարտում են, նրանց նկարները ֆեյսբուքում շրջանառում են: Մեր երկրի քաղաքացին պետք է պաշտպանված լինի, անկախ նրանից, թե որ դաշտում է գործում»,-ասաց Արմեն Աշոտյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը հրապարակել է տեղեկություններ այն մասին, որ հանրապետության մարզերը 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի աշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն էլ տեղեկացնում է, որ նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, ում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութում: Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։ Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները` կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու և բացառապես օրենքի շրջանակում գործելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում