ՀՀԿ-ի առողջապահական ծրագիրը միակն է, որ ունի համալիր բնույթ. Ա. Բաբլոյան

«ՀՀԿ նախընտրական ծրագրում ընդգրկված առողջապահության ծրագիրը` բոլոր կուսակցությունների ծրագրերի շարքում միակն է, որ ունի համալիր բնույթ: Այն ընդգրկում է հանրային առողջության, առողջապահության առաջնային պահպանման, հիվանդանոցային ու մասնագիտական բժշկական օգնության, բժշկական կրթության, բժշկական ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև առողջապահական ապահովագրության խնդիրները»,- «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի խորհրդի նիստին հայտարարեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արա Բաբլոյանը:

Նրա խոսքով` ՀՀ-ն ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որը սերտ համագործակցում է նաև ԵՄ-ի հետ: Ուշադրություն հրավիրելով վարչապետ Կարեն Կարապետյանի` տնտեսության զարգացմանը, ներդրումների խթանմանն ու կաշառակերության վերացմանն ուղղված քայլերի վրա` Ա. Բաբլոյանը կարևորեց այդ ամենի արդյունքում նաև առողջապահության ոլորտի զարգացումը և կոչ արեց ապրիլի 2-ին վստահության քվեն տալ ՀՀԿ-ին:

Առաջիկա հինգ տարվա ծրագրերն ու անելիքները քննարկելու նպատակով Առողջապահության ազգային ինստիտուտում հավաքված առողջապահության ոլորտի ներկայացուցիչները միաձայն փաստեցին, որ իրենց գլխավոր խնդիրը ազգաբնակչության առողջության պահպանումն ու ոլորտում առկա խնդիրների լուծումն է: «Առողջապահության ոլորտում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք միայն գործադիր մարմնի լուծելիքը չէ: Օրենսդրական դաշտում ևս լուրջ բարեփոխումների կարիք կա: Բավականին երկար մտածելուց հետո, խիզախություն ունեցա մասնակցելու խորհրդարանական ընտրություններին և գիտելիքներս ու փորձս` հատկապես արտասահմանում ձեռք բերած, ներդնել ՀՀ առողջապահության զարգացման գործում, մասնավորապես` մանկական ոլորտում:»,-նշեց «Սբ. Աստվածամայր» ԲԿ տնօրեն, Երևանի գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը: Վերջինը ևս առաջադրված է ՀՀԿ ցուցակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում