Առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ընտրողների 80 տոկոսը. հարցում

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) սոցհարցումների տվյալներով, ՀՀ-ում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ընտրողների 80 տոկոսը: Կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովի խոսքով` հարցման մասնակիցների 4 տոկոսը բացառել է ընտրություններում իր մասնակցությունը: «Հարցվածների 85 տոկոսը տեղյակ է ապրիլի 2-ին կայանալիք ընտրութունների մասին: 2 տոկոսն էլ պատասխանել է , որ առաջին անգամ է լսում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ֆյոդորովը: Նրա խոսքով` հարցվածների 89 տոկոսը կարծում է, որ «Ծառուկյան դաշինքը» ընտրություններում կհաղթահարի մինիմալ շեմը եւ խորհրդարանում տեղեր կունենա: «Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է հարցվածների 86 տոկոսը: Երրորդ տեղում Հայ հեղափոխական դաշնակցությունն է` 29 տոկոս»,- ասաց նա: Առաջին հարցումից հետո մեկ ամսվա ընթացքում այլ կուսակցությունների՝ ԱԺ-ում հայտնվելու հնարավորությունները փոխվել են: «Նոր տվյալների համաձայն` 5 տոկոսով ընտրական անցումային շեմը հաղթահարում է «Հայ հեղափոխական դաշնակցությունը»: Ընտրական անցումային շեմի հաղթահարման եզրին են գտնվում «Ելք» դաշինքը եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը»,-հավելեց Ֆյոդորովը:

Հարցումն իրականացվել է ՀԿՈՒՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի մարտի 17-24-ը` «Շանթ» հեռուստաընկերության պատվերով: Հարցմանը մասնակցել է 1600 հոգի: Այն իրականացվել է դեմ առ դեմ մեթոդով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում