ՀՀ փոխարտգործնախարարն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը մարտի 28-ին ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Միրչեա Չոպրագային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը փոխնախարար Հարությունյանը կարևորեց Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում բազմակողմ տնտեսական համագործակցության հետագա խթանման անհրաժեշտությունը: Նա ներկայացրեց ՀՀ տրանսպորտի ոլորտում տեղի ունեցող ենթակառուցվածքային զարգացումները, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու վերակառուցումը՝ կարևորելով դրա տարածաշրջանային նշանակությունը:

Միրչեա Չոպրագան մանրամասն տեղեկացրեց միջանցքի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի հետ շարունակվող տեխնիկական աջակցությանն ու նախագծային օրակարգի հետագա զարգացմանն ուղղված բանակցություններին: Մ. Չոպրագան կարևորեց «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագրին մի շարք անդամ պետությունների միանալու մտադրությունը:

Զրուցակիցները անդրադարձան միջանցքի շրջանակներում քննարկվող մի շարք իրավական, ֆինանսական և կազմակերպչական խնդիրների՝ կապված «ՏՐԱՍԵԿԱ»-ում ՀՀ գալիք նախագահության հետ:

Ռոբերտ Հարությունյանը նաև ընդգծեց ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական ներգրավվածությունը «ՏՐԱՍԵԿԱ»-ի նախագծերում՝ շեշտը դնելով տնտեսական համագործակցության բաղադրիչի ընդլայնման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում