Հաղթում է նա, ով վերջին 10 մետրն ավելի արագ է վազում. Արթուր Բաղդասարյան

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մարդկանց սոցիալական խնդիրները և հույս հայտնեց, որ իրենց հաղթանակը կնշանակի նման երևույթների հիմնովին վերացում: ՀՎԿ առաջնորդը մարտի 28-ին ընտրողներին հավաստիացրեց, որ Հայաստանում պետք է փոփոխություն մտցվի, ինչի համար իրենց հարկավոր է քաղաքական հաջողություն ունենալ:

«Մեր թիմը լուսավորություն կարող է մտցնել բոլոր ոլորտներում: Ձեզ պատվախնդրության և պատասխանատվության կոչ եմ անում: Կատարեք հոգու, խղճի ընտրություն, որպեսզի այս երկիրը փոխվի: Մեր նախընտրական ծրագրի 30 կետերը կարդացել եք: Դրանց իրականացումը նշանակում է Հայաստանում արագ փոփոխություններ, որոնց պահն արդեն հասունացել է»,- ասաց նա:

Արթուր Բաղդասարյանը հպարտությամբ նշեց ԱԺ-ում իրենց կողմից հեղինակված օրենքների արդյունքները: Նրա խոսքով` ԱԺ-ում 131 պատգամավորի շարքում 5 ՀՎԿ անդամ լինելով` կարողացել են հեղինակել 200 օրենք: Ըստ Բաղդասարյանի` իրենց կուսակցության պատգամավորները խորհրդարանում աշխատել են մարդկանց հոգսերի վերացման համար:

Վերջում ՀՎԿ առաջնորդը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր իրենց հետ պայքարում են: Նա խնդրեց համակիրներին, որպեսզի նրանք կողքի մարդկանց պատմեն իրենց ծրագրերի մասին:

«Քվեարկելով մեզ համար՝ դուք քվեարկում եք ձեր և Հայաստանի զարգացման օգտին: Մենք հաղթելու ենք, հարցը նրանում է, թե ինչպիսի՞ ժողովրդավարական աջակցություն կունենանք: Խնդրում եմ, որպեսզի առաջիկա 3-4 օրն ակտիվ աշխատենք, քանի որ հաղթում է նա, ով վերջին 10 մետրն ավելի արագ է վազում»,- եզրափակեց Արթուր Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում