Ֆրանսիացիների երրորդ մասը վստահ է, որ Մակրոնը հաջողություն կունենա նախագահի պաշտոնում

Ֆրանսիացիների երրորդ մասը (33 տոկոսը) վստահ է, որ Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար եւ «Հառաջ» վերկուսակցական շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնն ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում հաջողությամբ գլուխ կհանի նախագահի պարտականություններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Odoxa սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման հրապարակված տվյալները: 

Հարցման ավելի փոքր թվով մասնակիցներ՝ 21 տոկոսը, նման վստահություն է հայտնում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ: էլ ավելի քիչ ֆրանսիացիներ՝ 17 տոկոսը, պաշտպանում են նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին:

Վարկանիշի հնգյակում տեղ են գտել նաեւ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը, որի ծրագրին հավանություն է տալիս հարցվածների 16 տոկոսը, եւ կառավարող Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը, որի գաղափարներին համամիտ Է հարցվածների 10 տոկոսը:

Նույն այս ուսումնասիրության մեջ ներկայացվում են նաեւ հանրապետության գործող ղեկավար Ֆրանսուա Օլանդի վարկանիշի տվյալները: Դրանց համապատասխան, ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը՝ 79 տոկոսը, առաջվա պես նրան չի համարում «լավ նախագահ»:

Odoxa-ի հարցմանը, որն անցկացվել է մարտի 22-23-ին, մասնակցել են 18-ից բարձր տարիքի 1005 ֆրանսիացիներ:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում