Հայաստանի ընտրությունների հանդեպ աննախադեպ միջազգային հետաքրքրություն կա. Արմեն Աշոտյան

Հայաստանի ընտրությունների հանդեպ կա աննախադեպ միջազգային հետաքրքրություն: Կա նաև միջազգային սատարում` ուղղված ՀՀԿ-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Միջազգային քաղաքականության մեջ շատ կարևոր է քաղաքական ժեստերի լեզուն: Ես կառաջարկեի հիշել քաղաքական ժեստերից այն ամենը, ինչ կատարվեց մեր Նախագահի Բրյուսել, Մոսկվա, Փարիզ կատարած այցերի շրջանակում: Արձանագրենք նախաստորագրված համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Միջազգային գործընկերների կողմից կա հավատ, վստահություն ՀՀԿ-ի հանդեպ` այն դիտարկելով որպես կայուն գործընկերոջ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Դրա մասին է վկայում ԵԺԿ նախագահի ուղերձը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ի՞նչ կարգավիճակ է ունենալու Սերժ Սարգսյանը 2018-ից հետո հարցին ի պատասխան Արմեն Աշոտյանը նշեց, որ ճիշտ կլինի խոսել ներկայի մասին:

«ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում կարևորել է անվտանգության գործոնը: Անդրադարձել ենք բոլոր խնդիրներին ` սոցիալական հարցերին, կոռուպցիային, միգրացիային, սակայն այդ ամենը չի կարող լուծվել, եթե երկիրն անվտանգ չէ: Ես կառաջարկեի անվտանգության գործոնը դիտարկել առհասարակ ընտրարշավում, քաղաքական պլատֆորմներում: Մեր ընտրողին կհորդորեի քվեարկելիս հասկանալ, որ ընտրում ենք այն ուժին, որը պետք է պատասխանատվություն կրի երկրի անվտանգության համար, ներկայացնի վարչապետ, ով ռազմական գործողությունների ժամանակ դառնալու է Գերագույն գլխավոր հրամանատար, այն անձին, ով լինելու է ՀՀ պաշտպանության նախարար: Հասկանանք այս գործոնը, որն անչափ կարևոր է մեր պետականության համար»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտե՞ղ կլինի Արմեն Աշոտյանը ընտրություններից հետո, ապա նա նշեց, որ շարունակելու է գործել քաղաքական դաշտում:

Ապրիլի 2-ին կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Մասնակցում են 9 կուսակցություններ և դաշինքներ` ՀՀԿ, ՀՎԿ, ՀԿԿ, ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ», «Ծառուկյան դաշինք», «Ելք» դաշինք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք:

Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը Հայաստանի հանրապետական կուսակցությանն աջակցության տեսաուղերձ է հղել: Նա, մասնավորապես, մաղթել է, որպեսզի ընտրողները շարունակեն վստահել պատասխանատու ուժերին, ինչպիսին է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, և խուսափեն բոլոր պոպուլիստական շեղումներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում