«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն առաջարկում է վերացնել 12-ամյա կրթական համակարգը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրում կրթության ոլորտի առաջնային անելիքներից են դասագրքերի որակի բարձրացման և 12-ամյա կրթական համակարգի վերացման հարցերը: «Մեր միջնակարգ տասնամյա կրթությունը լիովին բավարար էր եւ նույնիսկ գերազանցում էր այսօրվա մագիստրոսական կրթությանը»,- մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսում, ներկայացնելով իրենց ծրագրերը, ասաց դաշինքի պատգամավորության թեկնածու Թերեզա Սարգսյանը: Բայց ոլորտին վերաբերող մնացած փոփոխությունների մասին Թերեզա Սարգսյանը նախընտրեց լռել, քանի որ, ինչպես ասաց նա` ինքը գործի մարդ է:

Ինչ վերաբերում է տնտեսական ծրագրերին, Սարգսյանի խոսքով, նրանք խոստանում են նորաստեղծ ընտանիքներին հատկացնել միանվագ 700 հազար դրամ, կրկնապատկել թոշակները եւ նպաստները եւ նվազագույն աշխատավարձը սահմանել 100 հազար դրամ: Լրագրողների այն հարցին, թե բյուջետային տեսանկյունից ինչպե՞ս է պատկերացնում այս ծրագրերի իրականացումը, պատգամավորության թեկնածուն պատասխանեց. «Մեր առաջնորդները երկխոսություն ունեն սփյուռքահայության հետ, որոնք ցանկացած պահի կարող են վերադառնալ իրենց երկիր եւ մեծ գումարներ շրջանառության մեջ դնել»: Իրենց ծրագրում նրանք նաեւ նախատեսում են դուրս բերել ստվերում աշխատող գործարարներին, զարգացնել, ըստ Սարգսյանի, նախնադարյան մակարդակի հասցված գյուղատնտեսությունը: «Մեր կլիման շատ բազմազան է. հունվարին մեր երկրում կան ծաղիկներով լեցուն, իսկ հուլիսին` ձյունածածկ տարածքներ: Մեր կլիմայի ընձեռած հնարավորություններով մենք կարող են 5-10 տարում կերակրել հինգ-տասը միլիոն մարդու եւ այսպիսով լուծել նաև աշխատատեղերի հարցը»,- նշեց թեկնածուն:

Թերեզա Սարգսյանը դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ մեկ ընտրատարածքում: Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես սկսվել է մարտի 5-ից եւ ավարտվելու է մարտի 31-ին: Քարոզարշավին մասնակցում են 9 քաղաքական ուժեր` հինգ կուսակցություն եւ չորս դաշինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում