ԻՊ-ի ահաբեկիչները հանդես են եկել Իրանին հասցեագրված սպառնալիքներով. IRINN

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է տարածել Իրանին հասցեագրված սպառնալիքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է իրանական IRINN նորությունների հեռուստաալիքը: 

Նրա տվյալներով՝ Համացանցում հայտնվել է 37 րոպե տեւողությամբ հոլովակ, որում ներկայացված են ԻՊ-ի երեք զինյալներ: Աբու Ֆարուք անունով առաջին ահաբեկիչը հանդես է գալիս որպես պարսկախոսների ներկայացուցիչ, երկրորդը ներկայացնում է բելուջներին եւ իրեն անվանում է Աբու Մոջահեդ ալ-Բալուշի, երրորդը՝ Աբու Սաադ Ալ-Ահվազի անունով, խոսում է իբր Իրանի բնակչության արաբախոս հատվածի անունից: Նրանք Իսլամական Հանրապետության իշխանություններին անվանում են հերետիկոսներ եւ բնակչությանը կոչ են անում դիմել անկարգությունների, սադրանքների եւ զինված հարձակումների:

Ալ Բալուշի անվամբ դիմակավոր մարդը պնդում է, որ ԻՊ-ն «կնվաճի Իրանը»: Հեռուստաալիքի տվյալներով, տարածված տեսահոլովակը նկարահանվել է Իսլամական Հանրապետությանը սահմանակից Իրաքի Դիյալա արեւելյան նահանգում: Տեսանյութն աչքի է ընկնում պատմական փաստերը եւ ռեալ իրականությունն աղավաղող արտահայտությունների առատությամբ, դրանում պնդում են, որ Իրանի իշխանությունները միշտ «կոտորել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»,- հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում