Եթե չլիներ ԵԱՏՄ-ն, մեր երկրների տնտեսական ցուցանիշները շատ ավելի վատ կլինեին. Տատյանա Վալովայա

Չնայած 2016 թվականին ԵԱՏՄ շրջանակում արձանագրվել է ընդհանուր ՀՆԱ-ի նվազում, առանձին երկրներում՝ մասնավորապես Հայաստանում, Ղրղզստանում եւ Ղազախստանում գրանցվել է ՀՆԱ-ի աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան:

«Մենք միշտ անկեղծ ասել ենք, որ 2015 թվականին ԵԱՏՄ մեկնարկը համապատասխանեց ընդհանուր ոչ բարենպաստ տնտեսական պատկերի հետ գլոբալ առումով, ինչն էլ արտացոլվեց մեր երկրների տնտեսության վրա: Այնուամենայնիվ, 2015-16 թվականների մեր վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ եթե չլիներ ԵԱՏՄ-ն, ապա մեր երկրների ցուցանիշները շատ ավելի վատ կլինեին: Մենք համոզված էինք, որ ինտեգրացիոն զարգացման շնորհիվ հնարավոր է հաղթահարել բացասական տենդենցները եւ դրական դինամիկայի հասնել, եւ ուրախությամբ կարող ենք փաստել, որ 2016 թվականի ցուցանիշները մեր՝ 2015 թվականին արված կանխատեսումների ճշմարտացիության մասին են խոսում»,-ասաց ԵՏՀ կոլեգիայի անդամը:

Նա նշեց, որ ԵԱՏՄ շրջանակում ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսով, որը սակայն այդքան զգալի չէր, որքան 2015 թվականին, երբ այն կրճատվել էր 2.3 տոկոսով:

«Սա արդեն իսկ հուսադրող տենդենց է: Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 0.2 տոկոսով, սակայն 2015-ին այն աճել էր 3.0 տոկոսով: Ղազախստանում աճել է 1.0 տոկոսով, մինչդեռ 2015 թվականին այն կազմել էր 1.2, իսկ Ղրղզստանում՝ 3.8 տոկոսով, մինչդեռ 2015 թվականին երկրի ՀՆԱ-ն աճել էր 3.9 տոկոսով»,-ընդգծեց Տատյանա Վալովայան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում