Հայաստանի եւ Ղրղզստանի տնտեսական արդյունքները խոսում են երկրների ճիշտ ընտրության մասին. Վալովայա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան ԵԱՏՄ տարածքում 2017 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի աճ 0.9 տոկոսով՝ նույն դրական դինամիկան կանխատեսելով նաեւ 2018 եւ 2019 թվականների համար:

«Ինչու ենք մենք այդքան վստահ, որ դրական աճի տենդենց կա, քանի որ 2016 թվականին արդյունաբերական արտադրության եւ գյուղատնտեսության ոլորտներում ձեռք բերված արդյունքները փաստում են այդ մասին: Արդյունաբերական արտադրության աճն ընդհանուր ԵԱՏՄ տարածքում կազմել է 0.9 տոկոս, սակայն առանձին երկրների դեպքում այն շատ ավելի բարձր է, օրինակ՝ Հայաստանում այն 6.7 տոկոսով է աճել, իսկ Ղրղզստանում՝ 4.9 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում եւս աճ է գրանցվել, եւ կարեւոր է այն, որ չնայած 2015 թվականի ոչ բարենպաստ տնտեսական պայմաններին՝ նույնիսկ այդ տարի էր տվյալ ոլորտում աճ գրանցվել»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԵՏՀ կոլեգիայի անդամը:

Նրա խոսքով՝ թվերը երկու դրական փաստ են արձանագրում. այն, որ միասնական տնտեսական տարածքի ստեղծումը հնարավորություն է տալիս նաեւ ստեղծել միասնական առեւտրային դաշտ նվազագույն սահմանափակումներով, ինչն իրենից մեծ առավելություն է ներկայացնում, եւ այն ինտեգրացիոն զարգացման արդյունքը, որը գրանցել են Ղրղզստանը եւ Հայաստանը:

«Դա խոսում է այն մասին, որ երկրները շատ կարեւոր տնտեսական ընտրություն են կատարել՝ միանալով ԵԱՏՄ-ին, եւ այդ արդյունքը տեսնելով՝ պետք է էլ ավելի զարգացնենք միության գործունեությունը»,-ասաց Տատյանա Վալովայան:

Նա նաեւ ներկայացրեց փոխադարձ առեւտրի ոլորտում գրանցված արդյունքները, ըստ որոնց՝ փոխադարձ առեւտրի ծավալների նվազումը զգալիորեն քիչ է եղել՝ 6.7 տոկոս, քան 2015 թվականին՝ 25.5 տոկոս: Երրորդ երկրների հետ առեւտրաշրջանառությունն ավելի քիչ տեմպերով է նվազել՝ 12.0 տոկոս, քան 2015 թվականին՝ 33,6: Հայաստանը փոխադարձ առեւտրի ոլորտում հասել է 53 տոկոս աճի, իսկ Ղրղզստանը՝ 4.4 տոկոս: Երրորդ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը աճել է 3.3 տոկոսով, իսկ Ղրղզստանինը՝ 11.9 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում