ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը ներկայացնում են կոալիցիա կազմելու հավանական տարբերակները

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը պատրաստ է կազմել կոալիցիա իր ծրագրային դրույթների հետ համակարծիք ցանկացած քաղաքական ուժի հետ: Մինչդեռ «Ելք» դաշինքը կոալիցիա կկազմի միայն իշխանափոխություն պահանջող քաղաքական ուժի հետ: Այս մասին մարտի 28-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնեցին պատգամավորության թեկնածուներ ՀՅԴ անդամ Արմինե Ռուստամյանը և «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը:

Արմինե Ռուստամյանը վստահ է՝ պայքարի մեջ գտնվող քաղաքական ուժերն իրենց փորձառությամբ զիջում են «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը: «Մեր կուսակցությունը 127 տարվա պատմություն ունի, հենց սրանով էլ ՀՅԴ- ն տարբերվում է մյուս կուսակցություններից ու դաշինքներից: Մեր ծրագիրը համակարգ է փոխել` Ազգային ժողովում ունենալով ընդամենը հինգ անդամ: Դաշնակցությունն իր կողքին միշտ ունի այն մարդկանց, ովքեր գաղափարի հետևից են գնում: Մենք ունենք մեր հաստատուն ընտրազանգվածը»,- նշեց պատգամավորության թեկնածուն:

«Այս փուլից սկսած հայտարարում ենք, որ մենք երբևիցե Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չենք կազմել և չենք կազմելու` անկախ ընտրությունների արդյունքներից: Բացառվում է մի գործընթաց, որտեղ հնարավոր կլինի ռեալ իշխանափոխություն և «Ելք» դաշինքը չմասնակցի: Երբ տեսնենք, որ կա այդ ռեալ հնարավորությունը մենք պատրաստ ենք այդ հարցը քննարկել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ «Ելք» դաշինքի ծրագրային կարևոր դրույթներից մեկը միտված է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի քննարկումների վերսկսմանը: Իսկ Ադրբեջանի հետ տարածքային փոխզիջման խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել:

Քաղաքական երկու ուժերի ներկայացուցիչներն էլ դրական գնահատեցին նախընտրական քարոզարշավի ընթացքը: Ըստ «Ելք» դաշինքի հարցումների՝ անցողիկ շեմը հատում են երեք ուժ՝ «Ծառուկյան» դաշինքը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը: Մնացած ուժերը չեն հատում շեմը, և կա 17-18 տոկոս չկողմնորոշված և հարցերին չպատասխանած ընտրազանգված:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կավարտվի մարտի 31-ին: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություն և 4 դաշինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում