ԱՄՆ կառավարությունը ողջունում է խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներդրումը

Հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում Հայաստանում ԱՄՆ դեսպանության համար հպարտության առիթ են: Նման հայտարարությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Մենք նշանակալի համագործակցություն ունենք ռազմական ոլորտում»,- նշեց դեսպանը` հավելելով, որ համատեղ աշխատանքներն ուղղված են ռազմաբժշկական կարողությունների զարգացմանը, Հայաստանում պաշտպանական բարեփոխումների իրականացմանը: Այս գործընկերության շրջանակներում ԱՄՆ կողմից 48 միլիոն դոլարի տեխնիկական սարքավորումներ են տրամադրվել Հայաստանին, մասնավորապես, բուժական պարագաներ, շարժական ռադիոկապի սարքավորումներ, ոչ մահաբեր այլ սպառազինություն:

«ԱՄՆ ռազմական կրթօջախներում տարբեր տեսակի ուսուցումների, դասընթացների են մասնակցել Հայաստանից 210 զինծառայողներ, իսկ ամերիկյան ռազմական ուժերի հումանիտար ծրագրերի շրջանակում 20 միլիոն դոլարի աշխատանքներ են իրականացվել այստեղ, ինչպիսիք են վերանորոգման աշխատանքները մանկատներում, հրշեջ կայաններում և այլ կառույցներում»,- ընդգծեց ամերիկացի դիվանագետը:

Ռիչարդ Միլսն անդրադարձավ նաև խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությանը: «Ինչպես ես միշտ նշում եմ, Հայաստանն արժանի է շատ բարձր գնահատականի անվտանգություն արտահանող երկիր դառնալու համար: ԱՄՆ կառավարությունը ողջունում է Հայաստանին աշխարհում խաղաղապահ առաքելություններին օժանդակելու հարցում նշանակալի ներդրման համար»,– ամփոփեց ԱՄՆ դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում