«Հրապարակ». Սամվել Բաբայանը նախապատրաստել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մահափորձը

«Հրապարակ»-ում կարդում ենք. «ԱԱԾ-ն «Իգլայի» գործը քննում է գերգաղտնի պայմաններում, քննության մանրամասներն անհասանելի են ոչ միայն լրագրողների, այլև իրավապահների համար: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկն Արցախյան ազատամարտի մասնակից է, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով ՌԴ-ում փայտամշակման ձեռնարկություն ունի: Նրա փաստաբան Կարեն Աղաջանյանը երեկ լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ընդունել մեղադրանքը, այն բացարձակ անհիմն է: Կալանավորված երրորդ անձին փաստաբանը չէր ճանաչում, ասել էր՝ անգամ փաստաբան չունի:

ԱԱԾ-ի մեր աղբյուրը պատմեց այս գործի նախապատմությունը, անշուշտ, ըստ ԱԱԾ-ի․ երկար ժամանակ կասկածներ ունեին, սակայն կոնկրետ ապացույցներ չէին կարողանում ձեռք բերել: Քննության սկզբում բերման են ենթարկել մեկին, խուզարկել նրա տունը, սակայն ոչինչ չեն գտել: Ավելի ուշ վերջինս խոստովանել է և մատնացույց արել «ապացույցների» տեղը, նա կալանավորվածներից մեկն է: Ընդ որում՝ «Իգլան» հեշտ-հանգիստ հասել է Հայաստան, ԱԱԾ-ն այն սահմանին չի բռնել: ԱԱԾ-ականներն ասում են՝ Սամվել Բաբայանին կասկածել են, որ նա նախապատրաստում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մահափորձը, ում հետ հին հաշիվներ ունի: Սակայն այս տեղեկությունները հնարավոր չէ ճշտել, քանի որ ԱԱԾ-ն ոչինչ չի պարզաբանում, ոչ մի տեղեկատվություն չի փոխանցում, իսկ փաստաբանն էլ կաշկանդված է նախաքննական գաղտնիքի նորմով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում