Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 29-ին ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և արժևորեց Հայաստանում ընտրական գործընթացներում ԺՀՄԻԳ-ի արդեն 11-րդ անգամ դիտորդական առաքելության իրականացումը։

Հայաստանի արտգործնախարարը կարևորեց ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների դիտարկումը, ընտրական գործընթացների կատարելագործման նպատակով օժանդակության տրամադրումը, օրենսդրական բարեփոխումների հետ կապված ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ հաստատված փոխգործակցությունը։ Նախարա րը շեշտեց, որ, միջազգային կառույցների աջակցությամբ, Հայաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել, ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցաբար լրամշակվել է ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է նաև միջազգային համապատասխան կառույցների դրական գնահատականին։

Իգնասիո Սանչես Ամորը ներկայացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման ուղղությամբ իրականացվող քայլերը և տեղեկացրեց, որ դիտորդական առաքելության մեջ ներգրավված են երեք տասնյակ երկարաժամկետ և շուրջ եր եք հարյուր կարճաժամկետ դիտորդներ, որոնք իրենց առաքելությունը կիրականացնեն Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը և վերահաստատեց ԱԳՆ պատրաստակամությունը՝ իր իրավասությունների շրջանակներում օժանդակելու ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության աշխատանքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում