Թոմաս դը Վաալն ապագայում չի տեսնում Լեռնային Ղարաբաղ, որն Ադրբեջանի մաս է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ռազմական գործողությունները կողմերի համար անակնկալ չեն լինի. ապրիլյան պատերազմից հետո երկու կողմերն էլ լավ պաշտպանված են, և ռազմական գործողությունների դեպքում այս անգամ ավելի մեծ էսկալացիա կլինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը:

«2016 թվականը շատ վտանգավոր տարի էր: Իրավիճակի լարման հավանականություն դեռ կա, ամեն դեպքում այս տարին կարող է լինել ավելի վտանգավոր նոր սպառազինությունների գործադրման տեսանկյունից: Հետևաբար, մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ դիվանագիտությանն այլընտրանք չկա»,-ասաց Թոմաս դը Վաալը:

Նրա խոսքով, կարևոր է միջազգային դիվանագիտության բավարար չափով ներգրավվածություն: Թոմաս դը Վաալի կարծիքով, անհրաժեշտ է լուրջ դերակատար, ով հանձնառու կլինի այս աշխատանքի իրականացման համար:Նա ընդգծում է, որ այսօր հիմնական խնդիրը ԵԱՀԿ Մինսկի ձևաչափի ամրապնդումն է:

«Պետք է սկսել վերանայել ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված համաձայնությունները, եթե չենք ցանկանում, որ հակամարտությունը վերսկսվի: Միայն Ռուսաստանը չէ, որ պետք է խնդիրը լուծի, եռակողմ ձևաչափը շատ կարևոր է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համար: Սա մի հնարավորություն է, որ Մոսկվան և Վաշինգտոնը արդյունավետ համագործակցեն»,-ասաց նա:

Թոմ դը Վաալը նշեց, որ Ադրբեջանը բաց չէ հրապարակային տեսակետներ ներկայացնելու տեսանկյունից: Հիմնականում տեսանելի են պաշտոնական կարծիքները: Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանում մարդիկ իրենց տներում, բարեկամական միջավայրում խոսում են այն մասին, որ չեն ցանկանում իրենց որդիները սպանվեն:

«Հասարակությունը պետք է հասկանա, որ քաղաքական բանակցությունը լավագույն գործիքն է հակամարտությունը կարգավորելու ճանապարհին: Ակնհայտ է, որ Ղարաբաղն ի վերջո ինչ-որ կարգավիճակ ունենալու է: Երբ ես խոսում եմ ինքնիշխանության մասին, ես նկատի ունեմ անկախություն կամ համադաշնության կարգավիճակ, Ադրբեջանի հետ միասին: Բայց ես չեմ խոսում Ադրբեջանի կազմի մասին, չեմ կարծում, որ մենք ապագայում կտեսնենք Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանի մաս է: Չեմ կարծում դա տեղի կունենա, թույլ տվեք հստակ դա նշել»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում