Հռոմի պապը հորդորել է պաշտպանել Իրաքի խաղաղ բնակիչներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Իրաքի խաղաղ բնակիչներին պաշտպանելու շտապ միջոցներ ձեռնարկել հումանիտար ճգնաժամի հերթական սաստկացումից հետո: Այդ մասին մարտի 29-ին հայտնել է AP գործակալությունը:

«Խորը ցավ հայտնելով արյունահեղ հակամարտության հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ, ես վերստին հորդորում եմ՝ բոլոր ուժերը ներդնել քաղաքացիական անձանց պաշտպանելու համար: Դա անհրաժեշտ եւ անհետաձգելի պարտականություն է»,- հայտարարել է քահանայապետը՝ մարտի 29-ին Վատիկանում հանդես գալով ավանդական համընդհանուր ունկնդրության ժամանակ:

Քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել է իրաքցիների միջկրոնական խմբին՝ նրանց հորդորելով օգնել իրենց հայրենիքին էթնիկական ու կրոնական տարբեր խմբերի հաշտեցման գործում:

Ֆրանցիսկոս պապը նշել է, որ ինքը հատկապես մտահոգված է այն իրաքցիների ճակատագրով, որոնք «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների շրջափակման մեջ են հայտնվել Մոսուլի արեւմտյան շրջաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում