Համայնքի ղեկավարները պետք է զարգացման ծրագիր ներկայացնեն կառավարությանը. Կարեն Կարապետյան

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկրի զարգացման կարևոր նախապայման է համարում բոլոր համայնքների ղեկավարների կողմից համայնքի զարգացման ծրագրի ներկայացումը: Մարտի 29-նի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ եթե երկրում չներդնեն համակարգ, որ համայնքի ղեկավարները ներկայացնեն իրենց համայնքի զարգացման հստակ ծրագիր, հնարավոր չի լինի երկիրն առաջ տանել: «Մենք Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին տվել ենք մեթոդաբանություն, ըստ որի իրենք պետք է կազմեն իրենց համայնքի զարգացման ծրագիրը, որովհետև կամայական կառավարման սուբյեկտում` լինի խանութ, մեծ ձեռնարկություն, փոքր ձեռնարկություն, քաղաք, գյուղ կամ երկիր, եթե դու չունես տեսլական, թե ուր ես գնում, ծրագիր չունես, ամեն օր գալու ես մանր-մունր խնդիրներ լուծես` չհասկանալով ուր ես գնում»,– նշեց Կարապետյանը:

Վարչապետը մանրամասնեց, որ այդ ծրագրերը պետք է պատասխանեն քաղաքացիների բոլոր հարցերին: «Նախ ծրագիրը պետք է գույքագրի առկա խնդիրները, թվայնացնի իրավիճակը, օրինակ` այսքան մարդ աշխատում է, այսքան մարդ գործազուրկ է և այլն: Հետո պետք է հաշվարկի համայնքի առավելությունները` ինչ է պետք անել, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչ են անելու համայնքի ղեկավարը, մարզպետը, կառավարությունը այդ ուղղությամբ: Մենք դրանով պետք է առաջ շարժվենք: Ես Երևանում ձեզանից լավ չեմ պատկերացնում, թե Գառնին ինչպես պետք է զարգանա»,– ասաց վարչապետը:

Վարչապետն արձանագրեց, որ ՀՀ գրեթե բոլոր համայնքի ղեկավարները գիշեր-ցերեկ աշխատում են, սակայն եթե չգիտեն, թե ինչ են ուզում, եթե չունեն տեսլական, որևէ խնդիր չեն կարողանալու լուծել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում