Մագդալենա Գրոնոն կարևոր է համարում ԼՂ բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելը շատ կարևոր է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն:

«Այսօր հակամարտության գոտում իրավիճակի լարման ռիսկերը բարձր են: Տեսնում ենք` գործընթացն այս պահին այնպիսին է, որ առաջընթացի հույսերը վերացել են: Հիմնավոր քննարկման հարթակներ չկան: Մյուս կողմից կարևոր կլինի փորձել գործընթացին կրկին թափ հաղորդելը: Լսում ենք, որ հավանական է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, նախապատրաստվում է երկու երկրների նախագահների հանդիպումը: Այդ քննարկումներում անհրաժեշտ է հենքեր ստեղծել հետագա առաջընթացն ապահովելու համար»,- «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ ասաց Մագդալենա Գրոնոն:

Նրա խոսքով, այս պահին գործընթացները խորացած են, ապրիլյան դեպքերն ազդեցություն են թողել երկու կողմերի հասարակությունների վրա: Ըստ նրա` երկու կողմերում էլ նկատվում են ազգայնական, հայրենասիրական մոտեցումներ, որոնք գնալով ամրապնդվում են:

«Հավի և հավկիթի պատմությունն է, տեսնում ենք, որ վստահության բացակայությունը հանգեցնում է մի իրավիճակի, երբ կողմերը մտածում են, թե ով պետք է առաջին քայլն անի: Մենք վստահության բացակայության խնդիրների հետ գործ ունենք: Ես կարծում եմ, որ ապրիլից հետո ալիքավոր փոփոխություններ տեղի ունեցան երկու կողմերում միաժամանակ, ռազմականացումը Ադրբեջանում լայն քննարկման է արժանանում: Այսինքն` երկու կողմերն էլ ձգտում են խստացնել իրողությունն այն մասով, որ բանակը համալրված լինի անհրաժեշտ զինատեսակներով: Փոփոխություններ են եղել նաև պաշտպանության նախարարությունների մոտեցումներում: Այո, խաղաղության դիսկուրս կա Հայաստանում, բայց ասել, որ Ադրբեջանում դա ընդհանրապես չկա, ճիշտ չէ: Ամեն դեպքում, ներկա փուլում շատ բարդ է որևէ փոխզիջում քննարկելը, խնդիրն ավելի բարդ է Ադրբեջանի դեպքում, այնտեղ բարդ է ինքնորոշման հարց բարձրացնելը, Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղը լինելու հարցը քննարկելը: Կարծում ենք` արմատացած դիրքորոշումների հետ գործ ունենք երկու կողմերից էլ»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում