Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում. Վազգեն Մանուկյան

-Պարոն Մանուկյան, ի՞նչ կարծիք ունեք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերի մասին, որոնք հնչեցին նրա վերջին երկու հարցազրույցների ժամանակ:

-Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, և մասնակիցներից յուրաքանչյուրը փորձում է ճիշտն ու սուտը ասելով` «վերմակն իր վրա քաշել» և համապատասխան տոկոսներ ստանալ: Նույնը վերաբերում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: Իր ելույթը շատ վտանգավոր եմ համարում մի քանի պատճառով. նախ երկար ժամանակ է` Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում Ղարաբաղի ոչ անմիջական մասնակցությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի օժանդակությամբ, և նրա ելույթն այս առումով մեր դիրքերը թուլացնում է բանակցային գործընթացում` ուժեղացնելով Ադրբեջանի դիրքերը:

Երկրորդ` իր ասածը թուլացնում է մեր ժողովրդի կամքը. պարզվում է` միջազգային հանրությունը պետք է լուծի այս հարցը: Այդ դեպքում, հասկանալի չէ, թե ինչու ապրիլի 2-ին մեր երիտասարդները գնացին զոհվելու, կամ ինչու մենք պետք է կառուցենք ուժեղ տնտեսություն ունեցող պետություն, ինչու պիտի զարգացնենք մեր բանակը, ռազմարդյունաբերական համալիրը ևայլն: Իր ասածից բխում է, որ մենք խաղալիք ենք, մեզանից ոչինչ կախված չէ, և ուրիշներն են լուծելու այս հարցը: Նույնանման հայտարարություններ նա անում էր նաև պատերազմի ժամանակ, և իր «մեղքը» չէ, որ մենք հաղթեցինք:

Երրորդը` իր ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման խոչընդոտը մեր ժողովուրդն է, և Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ժողովրդին է փորձում համոզել ինչ-որ հարցում: Ես իրեն կոչ կանեի` գնար Ադրբեջան և փորձեր այնտեղ նման քարոզչությունն անել:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի լուծմանը, Մադրիդյան սկզբունքներին և նախորդող առաջարկություններին, ես բազմիցս խոսել եմ դրանց մասին և ընտրությունների ավարտից հետո նույնպես պատրաստ եմ մանրամասն խոսել, քննարկել` ասելով, թե ինչն եմ համարում ճիշտ, ինչը` սխալ:

Ընդհանրապես, ցանկացած ընտրական գործընթաց իր մեջ պարունակում է պոպուլիզմի բավականին մեծ դոզա, և ես կարծում եմ, որ Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը նախընտրական ժամանակահատվածում նպատակահարմար չէ: Պատահական չէր, որ 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես կոչ արեցի թեկնածուներին, որպեսզի այդ հարցը չդարձնեն քննարկման առարկա, քանի որ պոպուլիզմը դեպի այս կամ այն կողմ շատ վտանգավոր էի համարում մեր պետության համար:

Հարցազրույցը Անկախ նորություն կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում