«Եվրոպական միությունը չունի գործիքներ անվտանգությունն ապահովելու համար».քաղաքագետ

«Եվրոպական միությունը չունի գործիքներ անվտանգությունն ապահովելու համար: ԵՄ-ն այդ գործիքները վերցնում է ՆԱՏՕ-ից, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և վերջակետ: Խոսակցությունն այստեղ ավարտվում է», -այս մասին այսօր «ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» խորագրով կլոր սեղանի ժամանակ ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ընտրողների մոտ, որոնց ես բաժանում եմ սոցիալական տարբեր խմբերի, կան տարբեր պատկերացումներ սիմվոլների ու կարգախոսների հանդեպ: Օրինակ՝ «Եվրոպա» բառը շատ գեղեցիկ բառ է, այն կարող է նշանակել «եվրոռեմոնտ», «եվրո ինչ-որ մի բան» և այլն: Եվրոպականը լավ է, այդ իսկ պատճառով խոսում են եվրաինտեգրացիայի մասին, քանի որ կա մարդկանց մեծ խումբ, որին դա հաճելի է և որպես ընտրող դրական է վերաբերվում դրան»:

Ուսումնասիրելով նախընտրական քարոզարշավը քաղաքագետը եզրակացնում է, որ այս ընթացքում Հայաստանի ո՛չ արտաքին, ո՛չ անվտանգությանը վերաբերող հարցերը չեն քննարկվել:Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ Հայաստանի քաղաքական էլիտայում կա միանգամայն հստակ կոնսենսուս, որը դեռ կշարունակվի:

Խոսելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, Ալեքսանդր Իսկանդարյանը ասաց, որ բոլորին էլ հայտնի է, թե որ քաղաքական ուժն է խորհրդարանում կազմելու մեծամասնություն:

Ըստ քաղաքագետի տարօրինակ է ընտրություններից առաջ այն քաղաքական ուժերի հայտարարությունները, թե «ոչ մի թիզ հող չենք հանձնի, մեր ոգին ամուր է կճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

«Հատկապես ապրիլյան պատերազմից հետո հասարակությունը, դա շատ բնական է համարում, և այդ ազդեցության տակ կարող է քվեարկել այդ ուժի օգտին», – շեշտեց Իսկանդարյանը, և հավելեց, որ նախընտրական քարոզարշավում նման շեշտադրումն արվում է ընտրողներին գրավելու, ձայներ հավաքելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում