ՀՀ կառավարության ծրագիրը միտված է նոր աշխատատեղերի ստեղծմանը. Կարեն Կարապետյան

Հայաստանի ամբողջ ծրագիրը միտված է առաջին հերթին նոր աշխատատեղերի բացմանը: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզի Աբովյան համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Սակայն մենք չենք ցանկանում դա անել մեր հին արտադրությունները վերականգնելու հաշվին: Աշխարհն այս 20-30 տարիների ընթացքում այնքան է փոխվել, որ եթե մենք որոշենք վերականգնել հին արտադրությունները, դա անհեռան կար ու անապագա գործ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ ինքն անընդհատ խոսում է այն մասին, որ համայնքի ղեկավարները պետք է իրենց համայնքի զարգացման ծրագիր ներկայացնի կառավարությանը, որում պետք է նշված լինի, թե տվյալ համայնքը ինչ առավելություններ ունի, ինչ կարող է առաջարկել, ինչ արտադրություն է պետք հիմնել այդ համայնքում, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն:

«Ես այս թեմայի մասին ամենաշատն եմ խոսում: Օրինակ, ես չեմ կարող ավելի լավ պատկերացնել Աբովյանի զարգացման ծրագիրը, քան համայնքի ղեկավարը: Նա պետք է կազմի ծրագիրը, ներկայացնի մարզպետին, մարզպետն էլ կներկայացնի մեզ: Մենք էլ մեր հերթին կնայենք այդ ծրագիրը, կամբողջացնենք ու կփորձենք կյանքի կոչել, ներկայացնել այն ներդրողին: Բայց այդ ամենը պետք է համայնքից գա: Այդ ծրագրին ծանոթ պետք է լինեն նաև համայնքի բնակիչները»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում