Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի արտաքին քաղաքականության ծրագրերը իրատեսական են. ՄՀԶՀԿ նախագահ

Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծամասնությունն ունի կայուն և Հայաստանի շահերից բխող արտաքին ծրագրեր: Մարտի 29-ին «Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական ծրագրերը. պոպուլիզմ կամ իրականություն» խորագրով կլոր սեղանի ժամանակ ասաց Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության (ՄՀԶՀԿ) նախագահ Արման Ղուկասյանը:

«Կարծում եմ, արտաքին քաղաքականության առումով ամենաիրատեսական ծրագրերը ունեն Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, ինչպես նաև Դաշնակցությունը»,- ասաց Ղուկասյանը:

Նրա կարծիքով` քաղաքագիտական իրողությունից ելնելով, Հայաստանը ներկայումս ունի մեկ տնտեսական ուղի, դա Եվրասիական տնտեսական միությունն է:

«Հայաստանը իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կարողացել է ամենաշատը գյուղմթերք արտահանել` 87 տոկոս աճ: 2016 թվականին Հայաստանը ունեցել է ամենաբարձր արտահանման ցուցանիշ` ավելի քան 50 տոկոս, նույն թվականի առաջին կեսին գրանցվել է 2.8 տոկոս ՀՆԱ-ի աճ: Դա ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքն է»,- ընդգծեց ՄՀԶՀԿ նախագահը:

Ղուկասյանը նաև ներկայացրեց քարոզարշավին մասնակցող այն ուժերին, որոնց ծրագրում առկա են անճշտություններ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և «Ելք» դաշինքը կարծում են, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից: Նրանք նշում են, որ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, ոչինչ չի ունեցել` կրճատվել են ներդրումները, տնտեսական ազդեցությունները և այլն, սակայն արդյունքները ցույց են տալիս, որ նրանց ասածները իրականությանը չեն համապատասխանում: Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանից ստացել է մոտ 1 միլիարդ դոլարի վարկ և ներդրում»,- ասաց Ղուկասյանը:

Կլոր սեղանի մասնակիցները առաջարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պատժամիջոցներ կիրառել այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք ապատեղեկատվություն և սուտ են տարածում իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում