Թուրքիայում մտավորականները պահանջում են ազատ արձակել քրդամետ կուսակցության ձերբակալված պատգամավորներին

Թուրքիայում մեծ թվով մտավորականներ, որոնց մեջ են նաև հայտնի Իմայիլ Բեշիքչին, Թարըք Զիյա Էքինջին, Նեսրին Նասը, Հասան Ջեմալը և այլ գիտնականներ ու գրողներ պահանջում են ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին, քաղաքական գործիչներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Մտավորականները ցույցի ժամանակ հրապարակել են մի պաստառ, որի վրա գրված է. «Չենք ընդունում, պահանջում ենք»:

«Միլիոնավոր քաղաքացիներ, որոնք իրենց ձայնը տվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP), կամ մեկ այլ կուսակցության, ցանկանում են ապրել ժողովրդավարական երկրում խաղաղության մեջ: Իշխանությունները հետևողականորեն ճնշումներ են իրականացնում 6 մլն ձայների արդյունքում խորհրդարան մտած կուսակցության նկատմամբ, ինչը հակասում է մարդու հիմնարար իրավունքներին, սահմանադրությանը, ինչպես նաև քաղաքական բարոյականությանը և մենք դա չենք ընդունում»,– նշել են ակցիայի մասնակիցները:

Ակցիայի մասնակիցները պահանջել են դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը և ազատ արձակել ձերբակալված քաղաքական գործիչներին:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի մեջլիսում ներկայացվածությամբ 3-րդ տեղն է զբաղեցնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում