Բրիտանացիների կեսը երջանիկ է Brexit-ի մեկնարկի համար

Բրիտանացիների կեսը երջանիկ է Brexit-ի ընթացակարգի սկսվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Sky News հեռուստաալիքի կողմից մարտի 29-ին անցկացված հարցման տվյալները:

«Մեր այսօրվա հարցումը ցույց տվեց, որ յուրաքանչյուր երկրորդը երջանիկ է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի դրույթների իրագործումն սկսելու առթիվ այն դեպքում, երբ միայն 36 տոկոսն է տխրություն ապրում ԵՄ-ից երկրի դուրս գալու կապակցությամբ: 14 տոկոսը չի կարողացել պատասխանել, թե ինչ է զգում»,-նշում է հեռուստաալիքը:

Ընդսմին Sky News-ն արձանագրում է, որ հարցվածների միայն փոքր մասն է «զղջում» անկախության հանրաքվեի որոշման համար, որը կայացել է անցած ամռանը: Այն ժամանակ ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկեց քաղաքացիների 52 տոկոսը, դեմ՝ 48 տոկոսը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, մարտի 29-ին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում, Եվրամիության իշխանություններին ծանուցել է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին:

Մեյը պատմական պահ է համարել Brexit-ի գործարկումը, որը հետդարձի ճանապարհ չունի: «Սա պատմական պահ է, որը հետդարձի ճանապարհ չունի: Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը: Մենք պատրաստվում ենք ընդունել սեփական որոշումներ ու սեփական օրենքներ»,-ասել է նա:

Իրենց հերթին ԵՄ-ի 27 երկրների ղեկավարները խոստացել են միասնական ճակատով գործել Brexit-ի պայմանների շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում, ինչի մասին ասված է ԵՄ-ի մնացած երկրների ղեկավարների՝ մարտի 29-ին հրապարակված հռչակագրում, որը տարածվել է այն բանից հետո, երբ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին փոխանցեց Brexit-ի գործարկման մասին Լոնդոնի պաշտոնական ծանուցագիրը:

«Մենք ափսոսում ենք, որ Մեծ Բրիտանիան լքում է ԵՄ-ն, բայց մենք պատրաստ ենք առաջիկա գործընթացին»,-նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում