Մեծ Բրիտանիան մտադիր չէ միլիարդավոր եվրո վճարել ԵՄ-ին

Մեծ Բրիտանիան ԵՄ-ին իր անդամակցության դադարեցումը փոխհատուցելու համար խոշոր դրամական գումարներ չի վճարի Եվրամիությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միացյալ Թագավորության ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը մարտի 30-ին հայտարարել է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Լոնդոնի կողմից որպես «հրաժարադրամ» Բրյուսելին մինչեւ 50 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 58 մլն եվրո) հնարավոր վճարման վերաբերյալ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունները: 

«Իրականում Եվրահանձնաժողովից մենք նմանօրինակ հարցումներ չենք ստացել,-հայտարարել Է Դեւիսը:- Մեր դիրքորոշումն այդ առումով շատ պարզ է. մենք կկատարենք բոլոր պարտավորությունները, քանի որ օրինապահ երկիր ենք: Սակայն ինչ-ինչ խոշոր դրամական գումարների վճարումներ մեր երկրի կողմից մի սպասեք»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են բրիտանական ԶԼՄ-ները, Brexit-ի հարցերով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն այժմ աշխատանք է տանում, որպեսզի Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ գործարքը նախատեսի Մեծ Բրիտանիայի մնացած բոլոր պարտավորությունների մարում 50 մլրդ եվրոյից մինչեւ 60 մլրդ եվրոյի չափով:

Խոսքը, մասնավորապես, ԵՄ-ում բնակվող բրիտանացիներին կենսաթոշակների վճարման, վարկերի, ինչպես նաեւ մյուս կարիքները հոգալու գծով երաշխիքների տրամադրման մասին է: Այդ գումարի վերջնական չափի որոշումը պետք է դառնա Brexit-ի շուրջ Եվրամիության եւ Միացյալ Թագավորության իշխանությունների միջեւ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը:

Մարտի 29-ին բրիտանական կառավարության ղեկավարը Եվրամիության իշխանություններին նամակով ծանուցել է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում