Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մարտի 30-ին ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի և Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից. հանդիպմանը Իգնասիո Սանչես Ամորն ուրախություն է հայտնել համայն հայության նվիրական հոգևոր կենտրոն այցելելու առիթով` ընդգծելով, որ դրանով իր այցը Հայաստան ավելի է ամբողջանում և հնարավորություն ընձեռում ճանաչելու թե՛ Հայաստանը, թե՛ հայ ժողովրդին:

Այնուհետև իր օրհնությունն ու գնահատանքը ներկաներին բերել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը, ողջունելով ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկ ավարին, ի դեմս նրա շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համար: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն է հայտնել Ամորի ղեկավարած դիտորդական առաքելության առիթով` վստահություն հայտնելով, որ առաքելության աշխատանքը կնպաստի ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացմանը:

Զրույցի ընթացքում, ի պատասխան Իգնասիո Սանչես Ամորի, Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկե ղեցու պատմական առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, ազգային ինքնության ու մշակույթի պահպանման գործում, ներկայիս գործունեությանը հայոց կյանքի տարբեր ոլորտներում: Մասնավորապես խոսվել է Եկեղեցու կողմից իրականացվող հովվական-հոգեխնամ աշխատանքի, կրթական և սոցիալական ծրագրերի, ինչպես նաև հոգևորականների պատրաստության մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում