Ֆրանսիայում նախագահական մրցարշավի առաջատարներն ամրապնդում են դիրքերը. OpinionWay

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երեք հանգուցային թեկնածուների դիրքերը կայունություն են դրսեւորում եւ վերջին մեկ օրում փոփոխություններ չեն կրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են OpinionWay ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են մարտի 30-ին:

Ինչպես եւ նախօրյակին, Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը առաջին փուլում ընթանում են ուս-ուսի. նրանցից յուրաքանչյուրի օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ ընտրողների 25-ական տոկոսը: Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը նույնպես հավակնում է պետության ղեկավարի պաշտոնին, ներկայում ապահովել է ընտրողների 20 տոկոսի աջակցությունը:

Երկրորդ փուլում կանխատեսվում է, որ լե Պենը տանուլ կտա երկու առավել հնարավոր թեկնածուներից յուրաքանչյուրին: Մակրոնին նա կպարտվի ձայների 36 տոկոս արդյունքով՝ նախկին նախարարի 64 տոկոսի դիմաց: Այն դեպքում, եթե նրա մրցակիցը դառնա Ֆիյոնը, ուժերի դասավորությունը կլինի 40 տոկոս՝ նախկին վարչապետի 60 տոկոսի դիմաց:

Ֆիյոնի դիրքերը չի թուլացրել նույնիսկ այն փաստը, որ անցած հանգստյան օրերին նրա կնոջը՝ Պենելոպային պաշտոնական մեղադրանք են առաջադրել կեղծարարությամբ աշխատանքի տեղավորման գործով:

Հարցումն անցկացվել է մարտի 27-ից մինչեւ 29-ն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել են Ֆրանսիայի 1636 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Անճշտությունը կազմում է 1-ից մինչեւ 2,5 տոկոսային կետ:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում