Հայաստանի ԱԺ ընտրությունները կլուսաբանի 120 լրատվամիջոց և կդիտարկի 55 դիտորդական կազմակերպություն

Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները դիտարկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 6 միջազգային կազմակերպություն: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կդիտարկեն

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպական խորհրդարանը:

Ընտրությունները դիտարկելու ցանկություն հայտնած տեղական կազմակերպությունների թիվն ավելի մեծ է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 49 տեղական կազմակերպություն, որոնք տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ են:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հրապարակել է առաջիկա ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված տեղական և միջազգային լրատվամիջոցների ցանկը: Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 89 տեղական, իսկ ՀՀ ԱԳՆ-ում` 31 միջազգային լրատվամիջոց`շուրջ 100 ներկայացուցիչներով:

Աննախադեպ է տեղական զանգվածային լրատվության միջոցների ցուցաբերած հետաքրքրությունն առաջիկա ընտրությունների նկատմամբ: Ընտրությունները լուսաբանելու համար առավելագույն թվով` 50 ներկայացուցիչների հավատարմագրել են Xnews.am կայքը, «Ժողովուրդ» օրաթերթը, Հ3 հեռուստաընկերությունը, Hartak.am կայքը, ArmRus.info կայքը:

Հայաստանում կայանալիք ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված միջազգային օրատվամիջոցների թվում են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Associated Press-ը, «Ֆրանսպրես» գործակալությունը, Ռուսաստանի առաջին ալիքը, «ՌԻԱ նովոստի» և ՏԱՍՍ գործակալությունները և այլն:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Օհան յան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում