Փոխզիջումների մասին խոսելն ավելորդ է, երբ Ադրբեջանը որևէ զիջման պատրաստ չէ. Փաշինյանը պատասխանել է Տեր-Պետրոսյանին

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ դաշինքի դիրքորոշման մասին:

Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը լրագրողները Նիկոլ Փաշինյանին խնդրեցին մեկնաբանել ՀՀ առաջին նախագահի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ «Ելք» դաշինքի դիրքորոշումն առ այն, որ հակամարտության կարգավորման գլխավոր նախապայմանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, նշանակում է, որ դաշինքը հակամարտությունն անլուծելի է համարում:

«Եթե պարոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանում է, թե մեր ասածը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երբեք չի կարգավորվելու, ապա իր ասածն էլ նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը երբեք չի ճանաչվելու: Այսինքն, իր ասածը նշանակում է, որ այս հարցը չի ստանալու լուծում, որը մեզ համար ընդունելի կլին ի: Եթե ինքն այդպես է մեկնաբանում մեր ասածը, ես էլ իր ասածը այսպես եմ մեկնաբանում»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա համախոհները խոսում են ԼՂ հակամարտության լուծման ինչ-որ տարբերակի մասին, սակայն հասկանալի չէ, թե ո՞րն է այդ տարբերակը: «Եթե խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, ապա դրա հիմքում դրված է երեք հիմնարար սկզբունք` ուժի և ուժի սպառնալիքի բացառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Այսինքն, որևէ կարգավորում պետք է հիմնված լինի այս երեք սկզբունքների վրա: Հիմա Ադրբեջանն այս երեք սկզբունքներից երկուսն ակնհայտ արհամարհում է, անընդհատ հանդես է գալիս ուժի կիրառման սպառնալիք ով, հստակ ասում է, որ իրենք երբեք չեն ճանաչելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս պայմաններում խոսել փոխզիջման մասին, ավելորդ է, որովհետև Ադրբեջանը որևէ զիջման պատրաստ չէ գնալ»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով` երբ Ադրբեջանում հայտարարում են, որ իրենք Ստեփանակերտում և Երևանում թեյ են խմելու, Սևանա լճի ափին խնջույք են անելու, նման պայմաններում փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող, որովհետև պարզ չէ, թե ի՞նչ զիջման է պատրաստ Ադրբեջանը, եթե մերժում է հակամարտության կարգավորման հիմնարար երեք սկզբունքներից երկուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում