Պուտինը Թիլերսոնի հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, եթե վերջինս ժամանի Մոսկվա, եւ քննարկել ահաբեկչության դեմ մղվող պայքարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Այո, անտարակույս, ահաբեկչության դեմ պայքարը մեր օրակարգի հանգուցային թեմաներից մեկն է: Եթե պարոն Թիլերսոնը ժամանի (ես նրա հետ մինչ այդ հանդիպել եմ մի քանի անգամ, երկու կամ երեք անգամ), մենք, իհարկե, հավանաբար, կքննարկենք այդ թեման»,-ասել է նա՝ ելույթ ունենալով «Արկտիկա-երկխոսության տարածք» համաժողովի լիագումար նիստում:

Պուտինը նշել է, որ ահաբեկչության դեմ հաջողությամբ պայքարելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է փոխգործակցություն ոչ միայն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի, այլեւ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Պենտագոնի հետ: «Առանց գործընկերների հետ կառուցողական աշխատանքի, այդ ուղղություններով մենք հազիվ թե կարողանանք դրական արդյունքի հասնել»,-հավելել է նախագահը:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ: «Մենք Միացյալ Նահանգներին ընդունում եւ վերաբերվում ենք որպես մեծ տերության, որի հետ ցանկանում ենք հաստատել շատ լավ, գործընկերային հարաբերություններ»,-ասել է ՌԴ նախագահը: «Ռուսաստանի վերաբերյալ մնացած ամեն ինչ սուտ Է ու հերյուրանք եւ սադրանքներ»,-ընդգծել է նա: Պուտինն ասել է, որ «հակառուսական խաղաթուղթը» որոշակի ուժերի կողմից ԱՄՆ-ում խաղարկվում է իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում