Արցախում օրենքով արգելվել են հղիության արհեստական չհիմնավորված ընդհատումները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում ձայների 28 կողմ հարաբերակցությամբ ընդունվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի և տեղակալ Արարատ Օհանջանյանի համահեղինակությամբ օրակարգում ներառված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաս ին» ԱՀ օրենքի նախագիծը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խոսելով օրինագծի անհրաժեշտության մասին՝ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ օրենքի նախագծի մշակման նպատակն է եղել բարձրացնել վերարտադրողականությունը՝ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, սոցիալապես առավել խոցելի խմբերի բժշկական օգնությունը և սպասարկման հասանելիությունը, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերի կանխարգելումը:

Ա. Գրիգորյանի խոսքով՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԱՀ օրենքում նշված է, որ փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումները: Նշված ձևակերպմամբ հաշվի չի առնվում կենսաբանական ծնողներին, երեխային հանձնելու փոխնակ մոր հոգեբանական պատրաստվածությունը:

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք, ինչը կարևոր է երեխայի կենսաբանական ծնողներին հանձնելու հոգեբանական պատրաստվածության, ինչպես նաև փոխնակ մայր դառնալ ցանկացող կնոջ առողջության համար: Ելնելով վերոնշվածից գործող օրենքում ներառվել է դրույթ, որ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անձը համարվում է երեխա մինչև 18 տարեկանը, և որ փոխնակ մայր կարող է դառնալ միայն նախկինում մեկ անգամ առնվազն ծննդաբերած կանայք, ապա անհրաժեշտություն է առաջանում, որ փոխնակ մայր կարող է դառնալ բարձրացնելով թույլատրելի տարիքի ստորին շեմը, ինչը և առաջարկվել է նախագծով: Օրենքում ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրվել է նաև «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածը, նկատի ունենալով առկա կարգավորումների բացերը և հակասությունները,– հավելել է Ա. Գրիգորյանը և ավելացրել,-այսպես՝ օրենսդրորեն արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումները (այսպես կոչված սել եկտիվ աբորտները), սահմանվում է հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ»:

Պատգամավորը նշել է, որ ԱՀ առողջապահության նախարարին է վերապահվում հղիության արհեստական ընդհատման, բժշկական, սոցիալական հակացուցումները, անհրաժեշտ հետազոտությունների ցանկը հաստատելու, հղիության արհեստական ընդհատման գործընթացում ներառվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու լիազորությունը: «Վերոնշված փոփոխությունով պայմանավորված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված է վարչական պատասխանատվություն՝ օրենքով թույլատրվող արհեստական հղիության ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպ քերի համար: Համապատասխան օրենքը այսուհետ կգործի նաև Արցախում»,– ասել է Ա. Գրիգորյանը և հավելել, որ նոր օրենքով կանխարգելվում է հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերը, ինչպես նաև սահմանվում է վարչական պատասխանատվություն ապօրինաբար հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ, ինչը Արցախում զգալիորեն կբարելավվի ժողովրդագրական իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում