«Ժողովուրդ». ՀՀԿ թեկնածուները դիմում են ընդդիմադիրներին՝ խնդրելով ուշադիր լինել իրենց ձայներին

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Ռեյտինգային այս ընտրակարգը լուրջ անհանգստություն է առաջացրել ՀՀԿ ներսում. ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները այս օրերին մրցակից-կուսակիցներից պաշտպանվելու մեթոդներ են փնտրում։ Բանն այն է, որ ՀՀԿ վստահված անձինք հիմնականում նշանակված են մի թեկնածուի կողմից, իսկ մրցակիցները ո՛չ հանձնաժողովում վստահելի մարդ ունեն, ո՛չ էլ՝ վստահված ունենալու իրավունք։ Եվ հնարավոր է՝ ՀՀԿ ռեյտինգային մի թեկնածուի ձայնը պարզապես վերցնեն, դնեն մյուս ձայների վրա։

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ իշխանության թեկնածուները դիմում են ընդդիմադիր կուսակցություններին՝ խնդրելով ուշադիր լինել իրենց ձայներին։ Այսպիսով՝ հանրապետականներն ընկել են իրենց իսկ հյուսած ծուղակը. Ընտրական օրենսգիրքը հեղինակել են հենց ՀՀԿ ներկայացուցիչները՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, իսկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին այդ նախագծին՝ անտեսելով ընդդիմության ահազանգերը, որը նաև իրենց շահերից էր բխում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում