Մեկ տարի անց ունենք ավելի պաշտպանված սահմաններ. Արծրուն Հովհաննիսյան

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը զգալի աշխատանք են կատարել սահմանային պաշտպանության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին  նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առաջնագծում կանգնած զինվորների անվտանգության տեսանկյունից զգալի քայլեր են արվել, հագեցվել են համապատասխան տեխնիկայով: Եղել են նոր զինատեսակներով համալրումներ, որոնք ինչ-որ առումով երևում են, սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ չէ, որ ասվում է: Գործընթացներ կան, որոնք իրենց խոսքը կասեն կոնկրետ իրավիճակներում: Հաշվի առնելով կատարված աշխատանքը` այսօր վստահաբար կարող ենք ասել, որ մեկ տարի անց ունենք ավելի պաշտպանված սահմաններ: Բայց կուզենայի այստեղ ընդգծել, որ բնակաբանար խոսքը միայն պաշտպանության մասին չէ: Ինչպես գերագույն գլխավոր հրամանատարը վերջին ելույթի ժամանակ նշեց, կան այլ գործառույթներ, որոնք կանխարգելիչ են, անվտանգության համար հեռանկարային են: Հայաստանը ձեռք է բերում տեխնիկական այնպիսի գերժամանակակից միջոցներ, որոնք թույլ կտան գործը պաշտպանության չհասցնել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո քաղած դասերին՝ Արծրուն Հովհաննսիսյանը նշեց, որ նույնիսկ զորավարժության ժամանակ կատարվում են վերլուծություններ, դասեր են քաղվում, հետևաբար մարտական գործողությունների ժամանակ նույնպես հետևություններ են արվում:

«Իհարկե, զինվորականներն ապրիլյան պատերազմից հետո դասեր քաղել են, հետևություններ կատարել են, բայց դրանք միշտ չէ, որ թափանցիկ ու ընկալելի կարող են լինել, որովհետև շատ հաճախ դրանք նեղ մասնագիտական հարցեր են: Բայց ասեմ, որ կատարված հետևություններն ու դասերը նաև ինչ-որ առումով ակնառու են: Ապրիլից հետո մարտական գործողությունների ժամանակ փոխված ձեռագիրը արդյունավետության առումով երևացել է, բայց դրանք մի մասն են, քայլերն ավելի խորքային են: Ամենօրյա աշխատանք է կատարվում, ամեն օր հետևություններ են արվում սահմանային պաշտպանության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»,-ավելացրեց ՊՆ մամուլի խոսնակը: Ապրիլյան պատերազմից հետո հատուկ ուշադրության կենտրոնում է ռազմարդյունաբերության ոլորտը: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ ոլորտը ընդհանուր պաշտպանության մակարդակի բարձրացման գործընթացում առկա ուղղություններից մեկն է: Նա ընդգծեց, որ այդ ոլորտում զգալի աշխատանք է կատարվում, որի մասին չեն կարող բարձրաձայել:

Ինչ վերաբերում է ապրիլյան զոհերի ընտանիքներին աջակցելու գործընթացին, ապա Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս գործում բավարար գնահատական չի կարող լինել:

«Այս գործընթացը բոլոր ուղղություններով ունի մշտական պահանջ: Թե հասարակության, թե պետության կողմից ապրիլյան գործողությունների զոհերի ընտանիքներն ավելի շատ ուշադրության արժանացան, քան նախորդ տարիներին զոհվածների ընտանիքները, բայց միևնույն է, դա բավարար չէ: Դա մշտական գործընթաց է»,-ասաց նա:

Խոսելով 2017 թվականից սկսած մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինվորների և նրանց ընտանիքների համար գանձված 1000 դրամների և ձևավորված հիմնադրամի մասին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ արդեն երկու շահառուի մասին տվյալներ ստացվել են, հիմնադրամի կայքում կտեղադրվեն բոլոր մանրամասները:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել է լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ:

Քառօրյա պատերազմի հետևանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմերը ունեցան զոհեր և վիրավորներ: Ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, նախագահները վերահաստատեցին հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնեցին շփման գծում ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները և ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը՝ ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. հունիսին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագների միջև Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մինչ օրս այդ պայամանավորվածությունները կյանքի չեն կոչվել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում