Հույս ունեմ, որ մեր հասարակությունը կարձանագրի նոր իրավիճակ Հայաստանի համար. Արարատ Զուրաբյան

«Ես համոզված եմ, որ «Ծառուկյան» դաշինքը Հանրապետականից շատ ավելի շատ ձայն ունի: Եվ ընտրությունների ընթացքում մենք շատ բանի ականատես կլինենք՝ իհարկե, եթե ընտրությունները անցնեն առանց խախտումների: »,-այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

Պատգամավորի թեկնածուն քարոզարշավի ընթացքը շատ դրական և ոգևորիչ է գնահատում, որովհետև իրենց քաղաքական թիմը այդ պրոցեսը անցկացրել է բավականին հաջող:

«Այն ոգևորությունը և մասսայականությունը հավաքներին, որ տեղի էին ունենում, ամբողջ հասարակության աչքի առջև էր: Այսօր հանգիստ խղճով կարող ենք ամփոփել նախընտրականը և սպասել արդյունքներին»,-նշեց պարոն Զուրաբյանը:

Հարցին՝ այն նպատակները, որոնք ձեր առջև դրել էիք մինչ քարոզարշավը, կարողացա՞ք իրագործել, պարոն Զուրաբյանը պատասխանեց.

«Երբեք ամբողջությամբ հնարավոր չի լինում անել այն, ինչ-որ ցանկալի է, և այն ինչ-որ պլանավորում ես, որովհետև մշտապես ինչ-որ հանգամանքներ այնպես չեն դասավորվում, որպեսզի ամբողջական լինի, բայց համոզված եմ, որ բավականաչափ նորմալ ներկայացվեց ամեն ինչ, և ես կարծում եմ՝ ընտրողի կողմնորոշման համար, բավականին բան արված է»:

Անդրադառնալով ակնկալիքներին Արարատ Զուրաբյանը նշեց, որ երկար տարիներ աշխատելով «Կենտրոն» համայնքի ղեկավար հույս ունի, որ կատարված աշխատանքը ևս կնպաստի որոշակիորեն նրան, որպեսզի դրական արդյունքներ ձևավորվեն :

«Ընտրական փորձս թույլ է տալիս, մի քիչ վստահություն ունենալ այս հարցում»,-հավելեց Արարատ Զուրաբյանը:

Խոսելով սոցիոլոգիական հարցումների արդյունքների մասին, համաձայն որոնց ՀՀԿ-ն առաջին տեղում է, իսկ «Ծառուկյան» դաշինքը երկրորդ՝ պատգամավորի թեկնածուն նշեց.

«Սոցիոլոգիան շատ հստակ և հաստատուն գիտություն է, բայց ունի մեկ փոքրիկ խնդիր: Այնպիսի համակարգերում, այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, այն միշտ չէ որ հստակ արտացոլում է ռեալ իրավիճակը: Ես կարծում եմ, որ արդյունքների վրա կա որոշակի ազդեցություն, քանի որ հակառակ պատկերին ենք ականատես լինում, երբ որ հանդիպում ենք մարդկանց հետ և համոզված եմ, որ այն արդյունքները, որոնք արձանագրված են այս հարցումներում իրականությանը այնքան էլ չեն համապատասխանում»:

Վեջում ուղերձ հղելով ընտրողներին պարոն Զուրաբյանը նշեց, որ կուզենար, որպեսզի մարդիկ առաջին հեթին ընտրության գնալիս արձանագրեն մի բան, որ իրենք ընտրում են քաղաքական ուժ, իսկ քաղաքական ուժը կամ գործիչը, որին ընտրում են, դա պրոֆեսիոնալ գործունեության ոլորտ է: Այնպես, ինչպես հիվանդի համար բժիշկ են ընտրում, երեխայի համար լավ դասախոս՝ ԲՈՒՀ ընդունվելուց առաջ, այնպես էլ պետք է ընտրել քաղաքական այրերին, որպեսզի հետագայում չկանգնեն կոտրած տաշտակի առջև:

«Սովորաբար մեր մոտ միշտ չէ, որ հասարակության մեջ դա հիշում են: Հիմնականում առաջնորդվում են ընկեր, բարեկամ, եղբայր հարևան սկզբունքով: Ես կոչ կանեի բոլորին, որպեսզի ընտրեն քաղաքական գործիչների՝ անկախ, թե որ քաղաքական ուժն են դրանք ներկայացնում, բայց ընտրեն մարդկանց, ովքեր քաղաքական գործունեություն ծավալելուց ինչ-որ բան կփոխեն»,-ասաց Արարատ Զուրաբյանը և հավելեց.

«Հույս ունեմ, որ մեր հասարակությունը իր քաղաքացիական պարտքը հստակ կատարելով կարձանագրի նոր իրավիճակ Հայաստանի համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում