Հայաստանում ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 6,4 տոկոսով

Հայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 30 մլն 111,2 հազար մարդ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2016 թվականի նույն ժամանակահատվածում ուղևորափոխադրումների ծավալը կազմել էր 32 մլն 184.3 հազար մարդ, ինչը նշանակում է, որ այս տարվա հունվար-փետրվարին ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 6,4 տոկոսով:

Այդ թվում՝ երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 6,9 տոկոսով` կազմելով 44,5 հազար մարդ: Նախորդ տարվա հունվար-փետրվարին այն կազմել էր 47.8 հազար մարդ: Շուրջ 6,8 տոկոսով նվազել են ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը` կազմելով 27 մլն 29 հազար մարդ, որից 1 մլն 286,7 հազար մարդ փոխադրվել է տաքսիներով: 2016 թվականի հունվար-փետրվարին ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել էր 28 մլն 998.8 հազար մարդ, որից 1 մլն 473.5 հազար մարդ` տաքսիներով:

Միևնույն ժամանակ, 2017-ի հունվար-փետրվարին 21,7 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալը` կազմելով 309,6 հազար մարդ: Այն նախորդ տարվա հունվար-փետրվարին կազմել էր 254.5 հազար մարդ, ինչն էլ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել էր 8.4 տոկոսով:

2016 թվականի հունվար-փետրվարին էլեկտրատրանսպորտային միջոցով փոխադրվող ուղևորների թիվը կազմել էր 2 մլն 883.2 հազար մարդ, իսկ այս տարվա հունվար-փետրվարին` 2 մլն 728,1 հազար մարդ: Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 5,4 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում