Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննադատել է Մարին Լը Պենի այցը Ռուսաստան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն քննադատության է ենթարկել «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենի այցը Մոսկվա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AFP-ն, նման դիրքորոշում Էյրոն հայտնել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումից հետո:

«Հանդիպմանը որոշ նախարարներ ինձ հարց էին տալիս. այն փաստը, որ տիկին Լը Պենն ընդունվել է Մոսկվայում, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, արդյո՞ք չի հանդիսանում միջամտություն (նախընտրական գործընթացում-խմբ): Մենք զգոնություն ենք ցուցաբերում: Ռուսաստանը չի ընդունում ներքին հարցերին միջամտություն: Մենք նույնպես դա չենք ընդունում», – հայտարարել է Էյրոն:

Մարին Լը Պենը Ռուսաստան է այցելել է մարտի 24-ին՝ Պետդումայի արտաքին քաղաքական հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիի անձնական հրավերով: Այցի ընթացքում նա ընդունվել է Պուտինի կողմից, հանդիպել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին և մասնակցել Պետդումայի արտաքին քաղաքական հարցերով կոմիտեի նիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում