Դեպի ժողովրդավարական արժեհամակարգ մեկ քայլ անելու հնարավորություն

Վաղը՝ ապրիլի 2-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Այս ընտրությունները դժվար է հերթական անվանել, քանի որ այն իր նշանակությամբ, բովանդակությամբ և մեթոդաբանությամբ տարբերվում է նախորդներից:

Նախ սահմանադրության փոփոխմամբ անցում կատարվեց խորհրդարանական կառավարման մոդելին, ինչի արդյունքում շեշտակիորեն բարձրանալու է կուսակցությունների, հատկապես ԱԺ-ում ներկայացված, դերն ու մասնակցությունը քաղաքական համակարգի ու ինստիտուտների կայացման գործում: ԱԺ-ում ներկայացված ամենափոքրաթիվ քաղաքական ֆրակցիան անգամ հնարավորություն է ստանալու ուղղակիորեն ազդել կառավարության ձևավորմանն ու մասնակցել երկրի կառավարմանը:

Բացի այդ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները անցկացվելու են ընտրական նոր օրենսգրքի համաձայն, որը նույնպես չունի իր նախադեպը: Նախկին մեծամասնական ընտրակարգի փոխարեն, այժմ գործում է վարկանիշային ընտրական համակարգը, որը կարելի է անցումային մոտեցում համարել ապագայում ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու համար:

Նոր ընտրական օրենսգիրքը ընդունվեց քաղաքական ու հասարակական լայն քննարկումների ու մոտեցումների հնարավորինս կոնսոլիդացիայի արդյունքում, ինչը արտացոլում է բոլոր քաղական միավորների շահերն ու պատկերացումները:

Նախքան բուն ընտրությունների օրվան անդրադառնալը, շատ կարևոր է շեշտել նախընտրական ժամանակահատվածը: Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում հենց այս ժամանակահատվածն է հանդիսանում որոշիչը, իսկ բուն ընտրությունների օրը այս ողջ ընթացքի ամփոփումն է:

Ուրախալի է, որ նախընտրական քարոզարշավը ընթացավ, չհաշված մեկ-երկու լոկալ բնույթ կրող փոքր միջադեպերի, առանց որևէ լուրջ խնդիրների: Ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի համար ապահովվեցին հավասար պայմաններ քարոզարշավ իրականացնելու համար: Մասնակից բոլոր ուժերը հավասարապես օգտվեցին քարոզչություն իրականացնելու համար նախատեսված ողջ պայմաններից, որոնց միջոցով հնարավոր է հանրությանը մատուցել նախընտրական ծրագրերը, ծանոթացնել մոտեցումներին ու գաղափարներին:

Մասնակից քաղաքական ուժերը հավասարապես կարողացան օգտվել թե լրատվամիջոցների միջոցով հանրությանը ներկայանալու հնարավորությունից, և թե փողոցներում գովազդային պաստառներ փակցնելու համար նախատեսված վայրերից: Քաղաքական ուժերին հավասարապես ընձեռնված էր նաև նախընտրական հանրահավաքներ անցնակցնելու իրավունքը, այդ թվում նաև ազատության հրապարակում:

Ինչ վերաբերվում է բուն ընտրությանը, ապա այդ ուղղությամբ նույնպես մշակված են օրենսդրական քայլեր, որպեսզի հնարավորինս բացառեն ընտրախախտումները: Բացի նրանից, որ տեղամասերը հագեցած են լինելու տեխնիկական սարքավորումներով և մատնահետքերի միջոցով կրկնաքվեարկությունը բացառելու հնարավորությամբ, ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրացուցակները, որն էլ իր հերթին կբացառի այլոց կամ բացակա անձանց փոխարեն քվեարկելու երևույթը:

Հարկ է նաև նշել, որ ընտրությունների օրը շուրջօրյա գործելու են թե իրավասու մարմինների և թե տարբեր դիտորդական, այդ թվում և իրավապաշտպան կազմակերպությունների թեժ գծերի հեռախոսահամարները, որոնք հնարավորություն են ընձեռելու արագորեն կանխել հնարավոր որևէ իրավախախտում կամ միջադեպ:

Անկախ նրանից թե ինչպիսին կլինի ընտրություններից հետո քաղաքական ուժերի դասավորվածությունը խորհրդարանում, այս ամենը հույս է արթնացնում, որ Հայաստանի Հանրապետությանը կհաջողվի ընտրական գործընթացում արձանագրել լուրջ առաջընթաց, իսկ խորհրդարանական կառավարման համակարգն էլ իր հերթին կհանդիսանա այն լրացուցիչ խթանը, որը մեզ ևս մեկ քայլ կմոտեցնի ժողովրդավարական արժեհամակարգին:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում