«Լռության օրը» աչքի ընկնավ աննախադեպ առանձնահատկությամբ.Հովհաննես Քոչարյան

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների «Լռության օրը» աչքի ընկնավ աննախադեպ առանձնահատկությամբ. Հասարակական որոշ միավորումների ներկայացուցիչներ կամ դրանց համակիրներ իրենց իրավունք են վերապահել կանխատեսելու զանգվածային իրավախախտումների դեպքեր, որոնք, իբր թե անխուսափելիորեն, տեղի են ունենալու քվեարկության օրը, ապրիլի 2-ին: Ավելին՝ տուրք տալով քարոզչական հնարքներին, օրինակ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարել է, որ եթե լինեն ընտրակաշառքների բաժանման կամ ընտրողներին «բերման ենթարկելու» դեպքեր , ապա դրանց չբացահայտման պատասխանատուն, հետևաբար նաև կանխամտածված անգործության «մեղավորը» ՀՀ ոստիկանությունում ստեղծված շտաբն է: Իրավապաշտպան կազմակերպությանը հարկադրված եմ պարզաբանելու ՀՀ իրավունքի համակարգի որոշ հիմունքներ: Նախ՝
ընտրակաշառք ստացող ցանկացած քաղաքացի կատարում է հանացագործություն և հանցավոր արարքի մեղավորները միայն ու միայն կաշառք տվողներն ու ստացողներն են : Եթե չլինի հանրության գործուն աջակցությունը, ապա նման հանցագործություններին բնորոշ լատենտայնությունն էապես բարդացնելու է դրանց բացահայտման արդյունավետությունը:

Երկրորդ, ընտրողի «բերման ենթարկելը» ընտրատեղամաս նշանակում է նրա կամքին հակառակ, ազատության սահմանափակումով ուղեկցվող բռնություն, որն ըստ իրավապաշտպան կազմակերպության երևակայության, հնարավոր է, որ հանդուրժեն Հայաստանի Հանրապետության որոշ քաղաքացիներ: Հարկադրանքի ենթարկված յուրաքանչյուր քաղաքացի կարող է համոզված լինել, որ այդպիսի ցանկացած դեպքի մասին ոստիկանությունում տեղեկություններ ստացվելու պարագայում, բոլոր մեղավորների քրեական պատասխանատվությունն անխուսափելի կլինի, եթե նման վերաբերմունք իրենց նկատմամբ չհանդուրժեն հենց Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները :

Ինչպես ոստիկանությունում գործող շտաբը, այնպես էլ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները քվեարկության օրը և դրան հաջորդող օրերին ապահովելու են ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ու հասարկական անվտանգությունը, իրենց իրավասության սահմաններում սատար են կանգնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքներին: Ոստիկանությունը բոլոր հնարավորություններն ու միջոցներն ունի ընտրական գործընթացի նկատմամ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:

Դիտորդական առաքելության մեջ ընդգրված բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է հիշեն , որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պարտավոր են լինել անկողմնակալ և չեզոք: Օրենքի հիշյալ պահանջից շեղումները վտանգելու են ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունն ու ժողովրդավարական գործընթացների խորացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում