ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԱՀԿ ԽՎ առաքելությունները դիտորդական խմբեր ունեն Հայաստանի ողջ տարածքում

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ծածկում է երկրի ողջ տարածքը, բոլոր շրջանները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հանրային կապերի պատասխանատու Թոմաս Ռայմերը:

«Մեր առաքելությունը ծածկվում է ողջ երկրի տարածքը, բոլոր շրջանները: Նախնական եզրակացություններն ու արձանագրումները կարող ենք տրամադրել վաղը կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում: Չենք ցանկանա դեռևս ներկայացնել ոչ ամբողջական տեղեկատվություն»,- նշեց Ռայմերը: Նա չհստակեցրեց նաև դիտորդական խմբերի թիվը, սակայն նշեց, որ դրանք դրանք շարժվում են ընտրատեղամասից ընտրատեղամաս:

«Դեռևս հստակ թիվը չկա, թե քանի ընտրատեղամասերում են եղել: Կախված նրանից, թե ինչ աշխարհագրություն են ծածկում, ինչպես են մի տեղամասից շարժվում մեկ ուրիշը, այդ թիվը կարող է փոփոխվել»,- շեշտեց Ռայմերը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Իրինա Սաբաշուկը ևս մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց դիտորդական խմբերը շարժվում են մեկ ընտրատեղամասից մյուսը` ձգտելով ծածկել ողջ երկրի տարածքը: «Քվեարկությունը դեռևս շարունակվում է, մեր դիտորդները դեռևս աշխատում են, այս պահին, որևէ թիվ չեմ կարող հրապարակել: Ընտրախախտումների մասին տեղեկություններ պարբերաբար ստացվում են: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի վաղը մամուլի ասուլիսի ընթացքում»,- նշեց Սաբաշուկը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն ընդգրկում է 14 փորձագետներ, 28 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ: Առաքելությունը ղեկավարում է դեսպան Յան Պետերսենը Նորվեգիայից: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունն ընդգրկում է 55 խորհրդարանականների 23 երկրներից, այն ղեկավարում է նորվեգացի Յորգեն Բեկեվոլդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում