Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Կանադայում

Մարտի 15-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում’ նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին, այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ կանադահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Հյուրերին իր ուղերձը հղեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով խոսեց Արցախյան շարժման կարեւորության, դրա պատմական արժեքի եւ ազգապահպան տեսլականի մասին: Դեսպան Եգանյանն ընդգծեց Ղարաբաղյան շարժման նշանակությունը Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի ազգային վերելքի համար, խոսեց շարժման ազդեցության մասին Խորհրդային Միության փլուզման վրա:

Այնուհետեւ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի տնօրեն Մկրտիչ Մկրտչեանը հանդես եկավ «Վեց տարիներ, որոնք փոխեցին Հայոց Աշխարհը» դասախոսությամբ:

Բանախոսը նախապատրաստել էր ծավալուն տեսահանդես Արցախյան շարժման ողջ ընթացքի մասին: Նա անդրադարձավ Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտին, Սումգայիթում, Բաքվում եւ Մարաղայում հայերի զանգվածային ջարդերին: Մկրտիչ Մկրտչեանը ներկայացրեց հայ հերոսների կողմից մի շարք բնակավայրերի ազատագրման նպատակով կիրառված փայլուն ռազմավարական հնարքները’ նշելով, որ ցեղասպանության սպին կրող ազգի համար Արցախյան հերոսամարտը կարեւորագույն հաղթանակ էր’ ապագային լավատեսորեն նայելու տեսանկյունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում