Լենին Մորենոն հաղթում է Էկվադորում կայացած նախագահական ընտրություններում

«Երկիր Դաշինք» («Ալիանս ՊԱԻՍ») կառավարող ձախ դաշինքի թեկնածու, նախկին փոխնախագահ Լենին Մորենիոն ամենաշատ քվեներն է ստացել Էկվադորում կայացած նախագահական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին վկայում են առաջին պաշտոնական արդյունքները, որոնք հրապարակել է հարավամերիկյան երկրի Ազգային ընտրական խորհուրդը: 

Քվեաթերթիկների 92,35 տոկոսի մշակումից հետո ստացված նախնական տվյալներով՝ Մորենոն ստացել է ընտրողների 51,05 տոկոսի պաշտպանությունը: Նրա մրցակիցը՝ աջ կենտրոնամետ «CREO շարժման» ներկայացուցիչ, նախկին բանկիր Գիլիերմո Լասոն ստացել է ձայների 48,95 տոկոսը:

Լասոն արդեն հայտարարել է, որ ընդդիմությունը մտադիր է պահանջել քվեների վերահաշվում: Լասոյին աջակցող մի քանի հարյուր մարդ հարավամերիկյան երկրի մայրաքաղաք Կիտոյում պիկետ է կազմակարպել Ազգային ընտրական խորհրդի շենքի հարավային կողմից:

Ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի մայիսի 24-ին: Նրա մանդատը նախատեսված է չորս տարով: Մորենոն խոստացել է երկրում արմատախիլ անել կոռուպցիան, ինչպես նաեւ կազմել երկրի պատմության մեջ ամենաանբասիր կառավարությունը:

«Մենք կկազմենք Էկվադորի պատմության մեջ ամենաանբասիր կառավարությունը: Ես ցանկանում եմ լիովին արմատախիլ անել կոռուպցիան»,– ասել է նա ելույթի ընթացքում, որը հեռարձակել է Televicentro հեռուստաալիքը:

Լենին Վոլտեր Մորենո Գարսեսն Էկվադորցի իրավաբան Է եւ քաղաքական գործիչ: Նրա հայրն իդեալականացնում էր ռուսական հեղափոխությունը, ահա թե ինչու այդ անունն է տվել որդուն:

Մորենոն սայլակավոր հաշմանդամ է, 1998 թվականին կողոպտիչների հարձակումից հետո նրա ոտքերն անդամալույծ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում