Ադրբեջանական ընդդիմադիր կայքերը շարունակում են արգելափակված մնալ

Արդեն մի քանի օր է, ինչ արգելափակված են ադրբեջանական մի շարք անկախ ԶԼՄ-ների կայքեր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Մարտի 27-ից սկսած արգելափակված ընդդիմադիր կայքերի շարքում են գտնվում MeydanTV-ի, «Ազատություն» թերթի, «Ազատություն» ռադիոկայանի կայքերը:

Միջազգային փորձագետների և կազմակերպությունների կարծիքով կայքերի արգելափակման պատճառը Ադրբեջանի իշխանությունների պատվերով կատարված կիբեր հարձակումներն են:

Amnesty International մարդու իրավունքների կազմակերպությունը և VirtualRoad.org կայքը գրում են, որ վերջին ամիսներին ընդդիմադիր կայքերի վրա կատարված կիբեր հարձակումները կատարվել են նույն IP հասցեից:

VirtualRoad.org կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանական ընդդիմադիր կայքերը յուրաքանչյուր 15 րոպեն դիտարկվում և ստուգվում են Ադրբեջանի կառավարության համար աշխատող հատուկ կիբեր խմբերի կողմից, իսկ Amnesty International-ը ընդգծում է, որ այդ խմբերը վիրուսային ծրագրեր են տարածում հայտնի ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների կայքերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում