Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է իրեն ածուխ մատակարարել

Ուկրաինայի Էներգետիկայի եւ ածխի արդյունաբերության նախարար Իգոր Նասալիկը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ՝ ածխի մատակարարումների խնդրանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին այս մասին հաղորդել է «Ուկրինֆորմը»: 

«Արտադրությունների (էլեկտրաէներգիա արտադրողների) մեծ մասն սկսել է ածուխ պայմանագրել, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայից, այլ երկրներից (…): Մենք իմացանք, որ կարող ենք Ամերիկայից ստանալ 2,5 միլիոն տոննա»,– ասել է Նասալիկը:

Մարտի 23-ին Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր Ռուսաստանից անթրացիտային ածխի ներմուծման՝ պատրաստվող արգելքի մասին: Մարտի 6-ին ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) իշխանությունները հայտարարել էին Ուկրաինային ածխի մատակարարումների դադարեցման մասին: Նշվել էր, որ Դոնբասից ածուխն այժմ բեռնառաքվում է Ռուսաստան:

Ուկրաինան երկրորդ ամիսն է, ինչ ապրում է արտակարգ դրության ռեժիմում, որի պատճառն անթրացիտային խմբի ածխի պակասությունն է: Վառելիքի մատակարարումները դադարեցվել են երկաթուղիների եւ ավտոմոբիլային ճանապարհների շրջափակման պատճառով, որը կազմակերպել են ուկրաինացի արմատականները: Մարտ ամսվա կեսերին Կիեւը նաեւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի լիակատար բեռնատար տրանսպորտային շրջափակում է սահմանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում