ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և ԶԼՄ հրապարակումների հիման վրա

ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2017թ.-ի ապրիլի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող երկու հաղորդում և զանգվածային լրատվամիջոցների երեք հրապարակում` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով: Հաղորդումները վերաբերում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի անդամների աշխատանքներն առերևույթ խոչընդոտելու դեպքերին, իսկ հրապարակումները, որոնք արտատպվել են «hcav.am» կայքէջից, ինչպես նաև «armtimes.com» և «zham.am» էլեկտրոնային լրատվական կայքերից, վերաբերում են ընտրատեղամասերում դիտորդների կողմից արձանագրած խախտումներին, վստահված անձանց աշխատանքային գործունեությանը խոչընդոտելուն, քրեակատարողական հիմնարկներում արձանագրված ընտրախախտումների և քվեարկողներին ուղղորդելու դեպքերին:

Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, հիշյալ հաղորդումների և հրապարակումների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: Նյութերի նախապատրաստման արդյունքների, ինչպես նաև ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումների, դիմումների, դրանց վերաբերյալ նախապատրաստվող նյութերի ու քրեական գործերի մասին Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում