Էրդողանը կրկին կոշտ է արտահայտվել Եվրամիության երկրների հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ արտահայտություններ է արել Եվրամիության երկրների հասցեին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Եվրոպական միությունը անում է ամեն հնարավոր բան, որպեսզի Թուրքիան չանդամակցի իրեն»,– նշել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը Եվրոպական երկրներին կրկին մեղադրել է ֆաշիզմի մեջ՝ ասելով. «Մենք եվրոպական ֆաշիստներին թույլ չենք տա ստորացնել մեր երկրի հպարտությունն ու պատիվը: Դիմում եմ Եվրոպայում բնակվող մեր ազգակից եղբայրներին: Հանրաքվեի ավարտին մնացել է 7 օր: Կոչ եմ անում գնալ քվեարկության և պատասխան տալ նրանց, ովքեր ֆաշիստական ճնշումներ են կիրառում մեզ վրա: Նրանք ամեն բան անում են մեզ Եվրոպական միության շարքեր չնդունելու համար»:

Էրդողանը հավելել է,որ հանրաքվեից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում լրջորեն ընդգրկվելու է այն հարցը, թե արդյո՞ք Թուրքիան կվերսկսի Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները, թե՞ հարկ չի համարի:

Թուրքիայի և Եվրոպական միության միջև ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 1963 թվականին: Թուրքիան Եվրամիության անդամակցության դիմում է ներկայացրել 1987 թվականին:

Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005-ից, որոնք բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով 2016-ին դադարեցվել են:

Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Գերմանիայի եւ Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարների ելույթը թուրքական արմատներով ընտրողների առջեւ սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեի նախօրեին:

«Քրիստոնեական միության պատճառով է, որ ավելի քան 54 տարի չենք կարողանում մտնել Եվրամիություն»,-ասել էր Էրդողանը Անկարայում անցկացվող հանրահավաքի ընթացքում:

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ, որոնք ենթադրում են անցում նախագահական կառավարման համակարգի, Թուրքիան ավելի արագ տեմպերով կզարգանա, ինչը չեն ցանկանում երկրի թշնամիները:

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեն կկայանա ապրիլի 16-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում