«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ն կարող է առանց որևէ ուժի կառավարություն ձևավորել

«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ ՀՀԿ-ն չի շտապում խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Դաշնակցության հետ թարմացնել իր գործընկերային հարաբերությունները: Իշխանությունները դա կանեն կառավարության կազմավորման փուլում:

«Բանն այն է, որ այս ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստանալու է մոտ 55 տոկոս և նույնքան էլ մանդատ: Քվեարկության արդյունքում արդեն իսկ ստացել է 49 տոկոս, իսկ ձայների բաշխման վերջնական փուլում դրան կավելացվի նաև խորհրդարան չանցած ուժերի ստացած 9 տոկոսի կեսը: Այդպիսով, ՀՀԿ-ն առանց որևէ ուժի էլ կառավարություն կարող է կազմել, պարզապես արդեն մանդատները վերցնելուց հետո և նոր կառավարության ձևավորման փուլում կանդրադառնա ՀՅԴ-ի հետ համագործակցությանը»,- նշել է թերթը:

Թերթի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով տեղեկությանը, նշել է. «Ես տրամաբանական եմ համարում, որ այդ հարցին անդրադառնանք կառավարության ձևավորման ժամանակ: Հաշվի առնելով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համագործակցության հուշագրի երկարաժամկետ լինելը, կշարունակենք մեր համագործակցությունը նաև կոալիցիոն ձևաչափով, անկախ այն հանգամանքից, որ մենք միայնակ էլ կարող ենք կառավարություն ձևավորել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում