Թրամփը զանգահարել է Պուտինին եւ ցավակցություն հայտնել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ցավակցություն հայտնելու Սանկտ Պետերբուրգում իրականացված պայթյունի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը խորին ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված բարբարոսական ահաբեկչության հետեւանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ խնդրել է զորակցության խոսքեր փոխանցել ռուս ժողովրդին»,- ասել է Պեսկովը:

Պուտինը շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի պաշտոնակցին ցուցաբերված համերաշխության համար: «Նախագահները նշել են, որ «ահաբեկչությունը չարիք է, որի դեմ հարկավոր է պայքարել»: Պուտինը եւ Թրամփը «պայմանավորվել են շարունակել շփումները»:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը բրիֆինգում ասել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված պայթյունը եւ ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին: «ԱՄՆ-ը դատապարտում է բռնության այդ ահավոր գործողությունը: Մեր մտքերն ու աղոթքները Ռուսաստանի քաղաքացիների հետ են, եւ մենք խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,– նշել է նա:

Սփայսերը ճշտել է, որ պայթյունի մասին հայտնի դառնալուց հետո ռուսական կողմի հետ արդեն կապվել են վարչակազմի ներկայացուցիչները: Ավելի վաղ Թրամփը, զրուցելով լրագրողների հետ, «սարսափելի բան» է որակել Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունը:

Ապրիլի 3-ին վագոնում պայթյուն է տեղի ունեցել Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների միջեւ ընկած ուղեմասում: Ավելի ուշ «Պլոշչադ վոստանիա» կայարանում հայտնաբերվել եւ վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պայթուցիկ սարքը կարող էր գործողության մեջ դնել 23-ամյա մի միջինասիացի, որը կապված է Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական խմբավորումների հետ:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում է պատահարի նաեւ այլ վարկածներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում